Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կատարելուց հետո ամուսնացնում էր նրան իր սպասավորներից մեկի հետ, ինչպես նա իր մնացած հագուստը պարգևում իր այս և այն ծառային որպես խալաթ:

Թե բռնի և թե կամավոր կերպով, մի անգամ մահմեդականություն ընդունող մարդը, շարիաթի օրենքով, կրկին վերադառնալ դեպի իր նախկին կրոնքը չէր կարող եթե տղամարդ էր նա, ամեն մի մահմեդական նրան հանդիպելիս, իրավունք ուներ սպանելու, իսկ եթե կին էր, պետք է դնեին նրան բանտում և այնքան տանջեին, մինչև կրկին խոստովանվեր, թե ընդունում է իսլամը

Ղզլբաշ-թուրքերը ազգային գրականություն չունեին, բայց արաբական և պարսից դպրությունը շատ ծաղկած էր նրանց մեջ։ Գյուղերը և քաղաքները լիքն էին մզկիթներով, և յուրաքանչյուր մզկիթին կից կար մի վարժատուն։ Բացի մոլլաներից, աշխարհական մարդը դասատվություն անելու իրավունք չուներ, այս պատճառով ուսումը և դաստիրակությունը ժողովրդի մեջ ընդունել է, կրոնական բնավորություն։ Հին սերունդը մոլորված էր կրոնքի ֆանտաստիկության մեջ, այն կրոնքի, որ բացի իրանից չէր համբերում ուրիշ դավանություններին։ Նոր սերունդը ընթանում էր նույն ուղղությամբ, որովհետև առաջնորդող անձինքը մոլլաներից էին։ Այստեղից հասկանալի է թուրքերի և պարսիկների հալածասիրությունը այլադավանների վերաբերությամբ։

Հալածանքներին վիճակակից էին բացի հայերից և ասորիները, հրեաները և բոշաները։

Բացի մոլլաներից, կային և սեիդներ, նրանք համարվում էին մեծ մարգարեի որդիներ։ Ժողովրդի այս դատարկապորտ, ծույլ և անգործ դասը ապրում էր տասնորդներով, որ ամեն մի մահմեդականի պարտավորությունն էր վճարել նրանց։ Ոչ մի օրենք չէր սահմանափակում նրանց բռնությունները, որովհետև նրանք -օրենք տվողի —Մուհամմեդի —անմեղանչական որդիքն էին։ Ոչ միայն այլադավանները, այլ իրանք մահմեդականները չափազանց նեղված էին սեիդներից, որոնք գործում էին, ինչ որ կամենում էին։

Աշխարհի դատարանները պատժի ենթարկել նրանց չէին կարող ստոր մահկանացուն իրավունք չուներ դատել երկնքի որդիներին, և դրա համար սեիդներն անձնատուր էին եղած իրանց անձան կամայականությանը։ Այս րոպեիս էլ սարսափում եմ ես, երբ մտաբերում եմ այն բոլոր չարագործությունները, որ անում էին այդ անիրավները․ ո՜րքան ավերմունքի, ո՜րքան արյան, ո՜րքան ընտանիքների աղքատության պատճառ էին դառնում նրանք...