Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/374

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ատրպատականը Պարսկաստանի մեկ մասն էր, բայց նա իբրև ֆեոդալական երկիր (մուլքը թավաիֆ), բաժանված էր զանազան խաների, բեկերի, շահզադաների և այլ ազնվական տների մեջ։ Նրանք կոչվում էին աղաներ։ Աղաները համարվում էին բարձրագույն դռան կամ շահի վասալներ: Բացի աղաներից, կալվածական բաժիններ ունեին մեծ մոլլաները, որպես հոգևորականության ներկայացուցիչներ, և սեիդներ, որպես մեծ մարգարեի որդիներ։ Վասալները երբեմն վճարում էին շահին իրանց կալվածների հասույթից մասնավոր տուրք, պատերազմի ժամանակ օգնում էին նրան, իսկ շատ անգամ, ապստամբվելով, ոչ առաջին պարտավորությունն էին կատարում և ոչ վերջինը։ Քիչ չէր պատահում, որ նույնիսկ խաները, բեկերը, շահզադաները միմյանց դեմ պատերազմ էին հարուցանում, հարձակվում էին միմյանց երկրի վրա, ավերում էին, հրդեհում էին, թալանում էին և գերիներ էին տանում: Գերին նրանց համար նույնպես մի ապրանք էր, որպես տնային կայքը, որովհետև հետո վերադարձնում էին, նրա փոխարեն փրկանք ստանալով։ Այս պատճառով կռիվը և թշնամական հարաբերությունը ֆեոդալական իշխանների մեջ մնում էին անխզելի։


Եվ այսպես, բոլոր գյուղորայքը բաժանված էին աղաների մեջ. շատ տեղ մի գյուղը ուներ մի քանի աղաներ։ Բայց թե կառավարության ձևը, թե աղաների հարաբերությունները կամ նրանց պայմանները գյուղացիների հետ այստեղ այնպես չէին, ինչպես որ էր Վասպուրականի և Տարոնի նահանգներում, ուր տիրապետում էին քրդերը։ Ատրպատականում աղան համարվում էր կալվածատեր։ Հողը—մի ժամանակ նրան շահից շնորհված, որպես աղբյուր իր վասալի ապրուստը բավականացնելու սերունդից սերունդ անցնելով և պատմական փոփոխությունների պատճառով,— դարձել էր նրա սեփականություն։ Նա իրավունք ուներ գրավ դնելու իր հողը, վաճառելու և ամեն կերպ նրանից շահվելու։ Բայց քրդերը կալվածատերեր չէին. նրանց մեջ աղաներից մեկը սեփականացնում էր սրի ուժով մի կտոր հող, մյուս աղան, ավելի զորեղ գտնվելով, խլում էր նրա ձեռքից, և այսպես հողը անդադար անցնում էր մի աղայից դեպի մյուսը։


Աղայի հարաբերությունները և նրա պայմանները, հողի մշակության մասին, ռայայի (հպատակի) հետ, ամեն տեղ միակերպ չէին: Յուրաքանչյուր գյուղ ուներ իր առանձին օրենքները և պայմանները։ Մշակության բերքերից ստացվելու տասանորդները մի տեղ գյուղացիք վճարում էին հարյուրին տասն, մյուս տեղ տասն