Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցնելով, ավելի և ավելի թանկանում էր, իսկ շահը դուրս էր գալիս դարձյալ գյուղացու քսակից։ Այդ էր պատճառը, որ գյուղացին վճարում էր ավելի հարկ, քան այն գումարը, որ կառավարությունից նշանակված էր նրա գյուղի վրա, որպես արքունի տուրք։

Գյուղերի աղաները իրավունք ունեին դատել գյուղացիներին ենթարկել նրանց պատիժների և տուգանքների, բանտարկել նրանց, վճռել նրանց մեջ ծագած վեճերը, մի խոսքով, վարվել նրանց հետ, որպես իրանց ամենախոնարհ և հնազանդ հպատակների հետ։ Եվ այս բոլորի մեջ կառավարող ոգին չէր օրենքը, իրավունքը կամ ճշմարտությունը, այլ-աղայի կամքը և նրա հաճույքը։ Իսկ բարձրագույն կառավարությունը, որքան և ցանկանում էր, բայց չուներ այնքան ուժ աղաների,— այսինքն խաների, բեկերի, շահզադաների, մոլլաների, սեիդների,— բռնակալությանց սահման դնելու։ Ահա այս դրության մեջ էին այն ժամանակ՝ Սալմաստա, Խոյի, Մագվա, Գունեյստանի, Մարանդի, Ուրմիի, Սուլդուզի, Սովուխբուլախի, Դուխարղանու, Մարաղայի, Թաբրիզի, Ղարադաղի, Արդաբիլի— բազմաթիվ գյուղերի բնակիչների վիճակը։

Եվ այսպես, Պարսկաստանում Ատրպատականի բնակիչների կյանքը, իսկ Տաճկաստանում Տարոնի ու Վասպուրականի բնակիչների կյանքը, ներկայացնում են երկու միմյանց շատ հակառակ պատկերներ։ Պարսկաստանի մասում տիրում են պարսիկները. ղզըլբաշ-թուրքերը, իսկ Տաճկաստանի մասում՝ քուրդերը։ Պարսիկ աղան, որպես ֆեոդալական կալվածատեր, սեփականել է հողը, և իր կառավարության բոլոր խորամանկությամբ, շարունակ կերպով քամում է գյուղացու ձեռքի վաստակը։ Քուրդը հափշտակել է հողը և ժամանակավոր կերպով միայն շահվում է նրանից։ Պարսիկը, որպես կրոնական նախանձով ոգևորված ազգ, լի մոլեռանդությամբ հալածում է այլադավաններին, չէ համբուրում ուրիշ կրոնքների, և ամեն միջոցներ գործ է դնում իր հպատակ ազգերին մտցնել մահմեդական մզկիթը:Քուրդը բնության ազատ որդին, դեռ վարակված չէ կրոնական նախանձով։ Պարսիկը նենգավոր է, խարդախ է, կեղծավոր է, նա խայթում է օձի պես, գետնի վրա սողալով։ Քուրդը վայրենի հերոս է. նա որսլես գազան չէ մեղանչում իր բնության դեմ, նա գործում է առանց նենգության. նա իր զոհերի վրա նայում է, որպես իր կերակուրի վրա։ Պարսիկը, որպես մշտական երաժշտություն, հաջորդաբար ցամաքեցնում է, չորացնում է ամեն կենդանություն, մինչև անապատ է դարձնում երկիրը։ Քուրդը անցնում է կատաղի հեղեղատի պես, ոչնչացնում է բոլոր հանդիպածը,