սարը, ուր մեր Հայկ պապը վեր հանեց Նեբրովթի դիակը, նրան սպանելեն հետո։ Եվ իր աշխարհին ցույց տալու համար գոռոզ վիթխարի ամբարտավանությունը, նույն սարի բարձրության վրա մեխեց նրա դիակը և հետո այրեց նրան։ Մինչև այսօր մնում են նույն սարի մոտ Նեբրովթա քարավանի ուղտերը, երկար քարացած շարքերով, որոնք նրա զինվորների համար պաշար էին կրում և հայոց աստուծո հրամանով քար դարձան։ Եվ հայը միշտ պարծենալով է հիշում իր նախահոր—դյուցազնի հաղթությունը, և հպարտանում է, որ ինքը մի այնպիսի մեծ մարդու սերունդ է, որ շատ զիջում էր աստվածների արյունից։
Այն երկրում դեռ չէին ցամաքել չորս գետերը, որոնք բխում էին աստուծո դրախտից, և Բինգյոլի ծաղկավետ դաշտին նայելով, հայը ասում էր իր որդուն՝ «տես, տես, այստեղ էր մեր նախահոր և նախամոր բնագավառը»։ Նա ցույց էր տալիս «կայենի ծառերը», որոնց հովանու տակ հանգստանում էր առաջին երկրագործը։ Նա ցույց էր տալիս «Ղամեքա բերդը»— այն քաջ որսորդի ամրոցը, որը սպանեց Ադամի անդրանիկ, բայց դատապարտյալ որդուն։ Նա ցույց էր տալիս դաշտերը, ուր առաջին խաշնարած Աբելը արածացնում էր իր ոչխարները։ Իսկ Մարանդի մեջ գտնում էր նա Նոյի կնոջ՝ Նոյեմզարի գերեզմանը։
Հայի որդին տեսնում էր, որ առաջին հոր և առաջին մոր ժամանակից, ինքն անբաժան է մնացել այն երկրից, ուր բնակվում էր մարդկության նախաստեղծ զույգը։
Ջրհեղեղը մինչև անգամ իր աշխարհավեր սասանմունքով չկարողացավ դուրս մղել հային հայրենի երկրից։ Գրգուռ սարին նայելով, նա միշտ հիշում էր այն ավանդությունը, թե Նոյի տապանը այս սարին քսվելով, անցավ դեպի Սիփան լեռը, խնդրեց նրանից ընդունել իրան իր գագաթի վրա։ Սիփանը համեստությամբ պատասխանեց, թե ինքը հայոց լեռների ամենակրտսերն է, և ցույց տվավ դեպի իր անդրանիկ եղբայրը—հսկա Արարատը, ասելով՝ «գնա՛ ի Մասիս, որ բարձր է քան զիս»։
Ահա՝ այսպիսի պատմական հիշատակներով էր կապված հայի սրտի հետ հայրենիքը, ուր սկսյալ ամենախորին հեթանոսական դարերից, ժողովրդի մեջ կենդանի մնացած ավանդությունները հիշեցնում էին նրան իր հին առասպելա֊վիպական անցյալը։
Այս հիշատակները պահպանել էին հսկայական լեռները, որոնք ստեղծվել էին ժամանակի հետ և ապրում էին, քանի որ նա կար։ Այս հիշատակները պահպանել էին ահագին գետերը, ծովակները