Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գրիգոր Նարեկացու գերեզմանը, որի գիրքը յուրաքանչյուր հայ մարդու սրտի սրբազան բուրվառն է, որով ծխում է նա իր ջերմ օրհներգությունը դեպի հավիտենականի աթոռը։ Հոգվոց վանքը, Անձևացյաց երկրում, ուներ Տրդատ մեծի գերեզմանը, այն հզոր թագավորի, որ մտցրուց Հայաստանում Ավետարանի լույսը։ Վարագա վանքը, Վանի մոտ, ուներ Սենեքերիմ Արծրունու գերեզմանը. այնտեղ էին դրած և Խոշոշ թագուհու և Պետրոս գետադարձի գերեզմանները։ Վանքն Կոփա, Մուշի մոտ, ուներ Դանիել երջանիկի, Լուսավորիչի թոռան շիրիմը։ Վանքը Բասենու կամ Հասանկալեի Գրիգոր մագիստրոսի գերեզմանը։ Վանքն Խեկայ՝ Հայոց ձորում՝ Աբրահամ խոստովանողի գերեզմանը։ Տարոնի սուրբ Կարապետի վանքը՝ Մուշեղ և Գայլ-Վահանի գերեզմանները: Իշխանագամ գյուղի եկեղեցին՝ Վարդ Պատրիկի գերեզմանը։

Բայց կային վանքեր և եկեղեցիներ, որոնք պահում էին զանազան սուրբերի մարմնի փշրանքները, անփոփած ոսկու և արծաթի մեջ։ Օրինակ—Վանա սուրբ Վարդանի եկեղեցումն էր Մամիկոնյան վարդանի մեկ մատը։ Մշո սուրբ Կարապետա վանքումն էր սուրբ Ղևոնդա մասունքները։ Կային վանքերում և այլ սրբություններ, որպես Ոստանա վանքը պահում էր իր մեջ այն խաչը, որ Սահակ պարթևը տվեց իր թոռին - Վարդանին, և Քրիստոսի այդ խաչակիր զինվորը, Ավարայրի դաշտում ընկած ժամանակ, արձակեց իր պարանոցեն պապենական նվերը, և Եղիշեին տալով ասաց. «Այս եմ թողնում քեզ իմ վերջին հիշատակ, առ, թող պարսկի ձեռքը չդիպչե դրան»…

Վանքերը և եկեղեցիները շատ ունեին այսպիսի սրբություններ, որոնք ամփոփում էին իրանց մեջ այս և այն ճգնավորի, առաքյալի, մարտիրոսի և եկեղեցո հարց մարմնի մասունքները։ Նրանք պատած էին արծաթով և ոսկով, զարդարած էին թանկագին քարերով և պահվում էին նույնպես թանկագին արկղների մեջ։ Եթե ավելացնենք դրանց վրա արծաթի բուրվառները, սկիհները, աշտանակները, արծաթակազմ ավետարանները և ազնիվ մետալներից կազմված այլ եկեղեցական անոթները, կարելի է ասել, որ ազգի հարստությունը կենտրոնացած էր այդ ժամանակ եկեղեցիների և վանքերի մեջ։ Այդ հարստությունները շատ անգամ գրավում էին մահմեդական ավարառուների շահասիրությունը, և քիչ չէր պատահում, որ վանքերի սրբությունները գերի էին ընկնում։ Քուրդերը հարգում էին իրանց ձեռքը ընկած սրբությունները և չէին ոչնչացնում նրանց: Քուրդի համար քրիստոնեական տաճարի սրբությունը