Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/384

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ ժողովուրդն ամենայն ջերմեռանդությամբ դիմում էր դեպի սրբությունները իր հիվանդություններից բժշկություն գտնելու համար։ Հրաշագործ էին և զանազան ավետարաններ, նարեկներ, որոնք գրված էին սուրբ մարդերի գրիչով։ Այս մագաղաթյա գրքերը, ոսկենկար պատկերներով, զարդարած թանկագին կազմով, պահվում էին փաթաթած մետաքսյա և զառ թաշկինակների մեջ, և բոլորովին անմերձենալի էին ժողովրդին։ Նրանց բաց էր անում միայն շատ անհրաժեշտ դեպքերում վանահայրը, երբ հարկավոր էր նույն գրքերով մի գլուխ ավետարան կարդալ որևիցե հիվանդի վրա։

Ես բոլորովին անօրեն և անհավատ էի համարում Կարոյին, երբ նա ասում էր ինձ, թե «վանքերի սրբությունները մեր ազգի տունը քանդեցին, թե նրանք մի պատրաստի առարկա էին դարձել մեր թշնամիների և նույնիսկ մեր վարդապետների շահասիրությանը»։ Նա ասում էր, եթե հնար լիներ, ինքը պատրաստ էր բոլորը ոշնչացնել, որվհետև նրանց վրա գտնված ոսկին և արծաթը իր համար շատ հարկավոր էին...

Կարոյի անպատկառ խոսքերը մինչ այն աստիճան գրգռում էին իմ բարկությունը, որ մի օր մտածեցի՝ խենջարս խրեմ նրա սրտի մեջ, ուր ամենևին չկար ոչ աստուծո երկյուղը և ոչ ակնածություն դեպի եկեղեցու սրբությունները։ Բայց ես ո՜ւշ հասկացա, շա՜տ տարիներից հետո, որ իմ կարծիքը Կարոյի մասին բոլորովին սխալ էր,— հասկացա, որ մի շատ բարի նպատակի համար Կարոն ցանկանում էր գործ դնել վանքերի ոսկին և արծաթը․..

Թեև վանքերը և եկեղեցիներն ունեին գաղտնի պահեստներ, ուր խռովության միջոցներում թաքցնում էին սուրբ տաճարների հարստությունները, բայց շատ անգամ վանահայրը կամ եկեղեցու ավագ քահանան չդիմանալով ավարառուների տված չարչարանքին, հայտնում էին պահեստի տեղը։ Գտնվում էին եկեղեցականներից և այնպիսիները, որոնք ավելի հեշտությամբ ավանդում էին իրանց հոգին, քան թե պահեստի գաղտնիքը։

Վանքերի և եկեղեցիների սրբազան սպասները, արդարև, որպես Կարոն ասում էր, դարձել էին շահասիրության առարկա։ Թողյալ այն, որ վարդապետները նրանց շնորհիվ բավականին արծաթ էին քամում ժողովրդի աղքատ քսակից, թողյալ այն, որ ժողովուրդը շատ անգամ ստիպված էր փրկել իր սրբությունները գերությունից, պատահում էր, որ երկրի իշխանը— իհարկե, չնչին պատճառի համար— վանքը, եկեղեցին կամ ամբողջ հայոց գյուղորայքը տուգանքի էր ենթարկում։ Պատճառները հնարում էին