ԻԸ
ՆՇՈԻՅԼԵՐԸ ԵՐԵՎՈՒՄ ԵՆ
Թեև ծերունի որսորդը միշտ ցավակցական արհամարհանքով էր խոսում հայերի մասին, ասելով՝ թե նրանք հոգով և մարմնով բոլորովին ընկած և սպանված ժողովուրդ են, բայց ես նրա նկատողությունը իրավացի էի գտնում միայն Պարսկաստանի հայերի վերաբերությամբ, այսինքն Նրանց, որ բնակվում էին Ատրպատական նահանգում։ Ընդհակառակն, Տաճկաստանի հայերը — Տարոնի և Վասպուրականի մեջ — համեմատելով իրանց ատրպատականցի համազգայինների հետ, բավականին աշխույժ և կենդանի մարդիկ էին։
Դա ուներ իր տեղական և կլիմայական պատճառները։
Ատրպատականի գավառները, բացի լեռնային և անտառապատ Ղարադաղից, մնացածները տափակ երկիրներ էին և ավելի տաք կլիմայով։ Երկրագործությունը, որ միակ աղբյուրն էր ժողովրդի ապրուստի, խիստ պինդ կերպով կապել էր բնակիչներին հողի հետ, և հետևաբար շատ նեղ կերպով սեղմել էր նրանց հողատիրոջ—աղաների ճանկերի մեջ։
Աղաների ճնշումն էր հաջորդաբար և տևողական։ Մի այսպիսի կեցության մեջ մարդը կորցնում էր իր ազատությունը և նրա հետ իր մտավոր և հոգեկան կենդանությունը։ Նա դառնում է կրավորական էակ։ Արձակ դաշտը, տափակ երկիրը շինում է նրան ավելի ընտանեկան, ավելի խաղաղասեր, միևնույն ժամանակ երկչոտ։ Մինչդեռ լեռը, անտառը պահպանում են մարդու մեջ նրա սկզբնական վայրենությունը և հետևապես նրա սրտի ամրությունը և քաջությունը։ Ստրկությունը սկսվել է և շարունակվել տափակ երկրների վրա և ավելի տաք կլիմայի մեջ։ Տափակ երկիրը տալիս է մարդուն տափակ բնավորություն, զարգացնում է նրա մեջ թեքվելու ընդունակությունը։ Բայց լեռնային երկրի բնակիչը նույնպես ուղղաձիգ, նույնպես բարձրադիտակ է, որպես իր շրջապատող սեպաձև ժայռերը։ Հարթ-հավասար անապատը չէ տալիս փախուստի միջոց և պատսպարան իր նեղյալներին։ Մինչդեռ սարերը և անտառները միշտ ունեն իրանց ծոցի մեջ ապահով ապաստարան ապավինողի համար։ Ատրպատականի գավառները, բոլորած լեռների շղթաներով