Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդարձակ հովիտներ էին հարթ֊հավասար մակերևույթով։ Ժողովուրդը խիստ խորին կերպով արմատ էր գցել երկրի մեջ, նա ուներ հաստատ տուն և բնակություն. նա ուներ այգիներ, պարտեզներ և կայք։ Ուր և քշում էին նրան, որքան և հալածում էին, նա դարձյալ չէր բաժանվում իր բնակության տեղից։ Նա կանգնած էր միևնույն կետի վրա և համբերում էր իր վիճակի թշվառությանը։ Նա համբերում էր, որովհետև նրան դժվար էր բաժանվել մի երկրից, ուր պետք է թողներ իր շատ տարիների աշխատության պտուղը։ Նա մեխված էր գետնի հետ, որպես իր տնկած ծառերը, իր շինած տունը և իր ցանած բույսերը, որովհետև նրանց գոյության հետ կապված էր իր կյանքը։ Թեև այստեղ ժողովուրդը աշխատում էր մեծ մասամբ աղաների համար, բայց նրանք թողնում էին այնքան, որ մշակը կարողանար շարունակել իր կենդանությունը, որ նրա ձեռքերը կարողանային գործել։ Բայց իսպառ խլել մշակից կյանքը, դա աղայի համար ձեռնտու չէր, որպես ձեռնտու չէր նրան սպանել իր աշխատող անասուններին։

Ատրպատականի հայը միշտ երևում էր զինվորված իր երկրագործական գործիքներով․ նրա ձեռքում միշտ տեսնվում էր բահ, բրիչ, մանգաղ և անասունները քշելու խարազան։ Արյուն թափող և անձնապաշտպանության անոթների մասին նա գաղափար անգամ չուներ։ Նա այնքան վախենում էր արյունից, որքան դևից և սատանայից։ Տաք կլիման թուլացրել էր նրա ուղեղը, նրա կենսական ուժը։ Տափակ երկիրը շինել էր նրան մի անփախչելի որս աղայի ձեռքում։ Իսկ հողագործությունը պահպանում էր նրա մեջ անասնական բթամտությունը և եզի համբերությունը։

Տարոնը և Վասպուրականը ավելի լեռնոտ և սառն երկիրներ էին։ Շատ տեղ սարերը ծածկված էին անտառներով։ Երկարատև ձմեռը, անդադար անձրևները, իսկ տարվա ջերմ եղանակներում երաշտությունը՝ կացուցանում էին հողը անհարմար ցանքերի համար։ Ի բաց առյալ Վանա ծովակի շրջակա ցած երկիրները, և Ասորեստանի սահմանակից հարավային կողմերը, մնացյալ գավառները լեռնային բարձրավանդակներ էին, որոնք միայն տալիս էին ճոխ մարգեր խաշնարածության համար։ Այս պատճառով բնակիչների գլխավոր պարապմունքը անասնապահությունն էր։

Հայերը առավելապես բռնել էին այն տեղերը, ուր կարելի էր և վարուցանքով պարապվել. իսկ այդ չէր կացուցանում նրանց ապրուստի գլխավոր աղբյուրը, նրանք միևնույն ժամանակ և երկրագործ և հովիվներ էին։ Ձմեռը անցուցանում էին նրանք գետնափոր