խրճիթներում, իրանց գյուղերի մեջ, իսկ տարվա մնացած ամիսները չադրներում, լեռների բարձրավանդակների վրա։
Այստեղ հայերի մի այսպիսի կիսա֊չվական և կիսա-հաստատաբնակ կեցությունը տվել էր նրանց բնավորությանը երկակենցաղ կենդանիների հատկություններ։ Նրանց գետնափոր խրճիթներն, իրենց ստորերկրյա ոլոր-մոլոր խորշերով, ավելի նման էին սողունների որջին, և դա մտցրել էր բնակիչների մեջ օձի նենգությունը և նրա ոխերիմ չարամտությունը, նա պատրաստ էր խայթել, եթե հարմար միջոց գտներ։ Նրանց հովվական չադրները, կազմված լեռների բարձրավանդակների վրա, բազմագոչ ջրվեժների մոտ, շրջապատած հսկայական ժայռերով, որոտի և կայծակի ահեղ սպառնալյաց ներքո,— տվել էին նրանց բնավորությանը ավելի կիսավայրենի և կիսագազանային հատկություններ։
Հովվական կյանքը իր նահապետական պարզության հետ ունի և իր վայրենի կատաղությունը։ Մշակական կյանքը իր աշխատասեր հոգու հետ պահպանում է թուլասրտություն և երկչոտություն։
Հայը իր հայրենի լեռների թեև հարազատ, բայց փչացած որդին էր։ Քուրդը նրա մտերիմ որդեգիրն էր։ Հայը ոչ կատարյալ երկրագործ էր և ոչ կատարյալ հովիվ։ Քուրդը հավատարիմ էր մնացել իր պարապմունքին․ նա հոգով և սրտով հովիվ էր, այդ բառի բուն նշանակությամբ։ Այս պատճառով նա տիրում էր։
Հովիվները միշտ տիրում են, որպես իրանց հոտերին, նույնպես և մերձավոր ժողովուրդներին։ Մարդկության առաջին տիրապետողները եղել են հովիվները։ Մեր Հայկ նահապետը նույնպես մի քաջ հովիվ էր։
Տարոնի և Վասպուրականի հայը և հովիվ էր և երկրագործ. նա վարում էր որպես չվական, նույնպես և հաստատաբնակ կյանք։ Իր գյուղում, գետնափոր խրճիթների մեջ Նա ապրում էր որպես գազանը իր որջում, իր արտերի մեջ նա զինվորված էր բահով և մանգաղով, իր լեռների արոտներում նա զինվորված էր հրացանով և թրով։ Այսպիսի երկակենցաղ ապրուստը տվել էր նրան երկերեսանի բնավորություն,— նա միևնույն ժամանակ նվաճյալ ժողովուրդ էր հպատակի բոլոր համբերությամբ, և միևնույն ժամանակ կատաղի ապստամբ էր, եթե միջոցները կնպաստեին նրան։
Այս էր պատճառը, որ Կարոն շատ անգամ ասում էր՝ «այս ժողովրդից կարելի է մի բան սպասել, նա բոլորովին մեռած չէ. նա մի օր կգցե իր պարանոցեն քրդի լուծը»։
Կարոյի գուշակությունը անհիմն չէր։ Շատախի, Սասնո և