Մարիամը մոտեցավ քնած Սանդրոյին, զարթեցրուց նրան։ — Սանդրո ջան, նստիր մայրիկի մոտ, ջուր ուզելու լինի տո՛ւր, չքնես, ես էս նիմուտին գալիս եմ։ Եվ նա տվեց եղբորը մի բուռը կոնֆետ, որ ստացել էր պառավից։ Սանդրոն, տեսնելով քաղցրավենիքը, էլ չխոսեց և համաձայնվեցավ քրոջ պատվերներին։
Նրանք դուրս եկան։ Խրճթի անկյունում սպասում էր մի կառք։ Կատոն յուր «անմեղ վաճառքը» դրեց կառքի մեջ։ Ձիաները սլացան, կառքն անհետացավ գիշերային խավարի միջում։
Նույն րոպեին Կեկելի խրճթի փակված դռները փշրվեցան, դուրս պրծավ կատաղած Նիկոլը... «Թողե՛ք ես էն մարդուն սպանեմ... թողեք...», գոռում էր նա վազվզելով խավարի մեջ։
Բայց նա ոչինչ չգտավ. գազանի պես վազեց Քեթևանի խռճիթը, տեսավ Մարիամն այնտեղ չէ։— Ո՞ւր է քույրդ,— հորցրուց Սանդրոյից։
— Նա գնաց,— պատասխանեց պատանին։
— Ո՞ւր գնաց աղջիկդ,— դարձավ նա դեպի հիվանդը։
Նիկոլի ձայնի որոտմունքից ուշքի եկավ Քեթևանը և լսեց նրա խոսքերը։— «Մարիամը մեռավ...»,— եղավ հիվանդի վերջին խոսքը...
Նիկոլը թուլացավ և գլորվեցավ գետին։
ԺԱ
Կառքը քանի մի ժամ հանդարտ կերպով գնում էր կոկած քարուղիի վրա։ Մարիամը նրա զվարճությունով զմայլված՝ ամենևին չէր զգում ճանապարհի երկարությունը։ Վերջապես նրանք հասան մի գեղեցիկ այգիի դռանը, որ գտնվում էր քաղաքից դուրս, մեծ գետի ափի մոտ։ Կատոն ներս տարավ օրիորդին այգի և նրանք մտան մի փառավոր տուն, որ էր այգետիրոջ ամառանոցը։ Այդ հոյակապ շինվածքի սենյակներից մինը միայն լուսավորված էր նույն պահուն, ուր պառավը ներս տարավ Մարիամին։
Պարոն Ք... միայնակ անցուդարձ էր անում սենյակի մեջ։ Տեսնելով եկվորներին, նա մի կրիտիկական հայացք ձգեց օրիորդի երեսին.— Ի՜նչ շատ ուշացար, Կատո,— հարցրուց նա պառավից, և մոտենալով նրա ականջին ասաց.— հազար թուման արժե...
Պառավն ընդունեց խիստ ինքնաբավական դեմք, որպես մի մարդ, որ գոհ էր յուր հաջողությամբ, ոչինչ չպատասխանեց,