թե նա գիտեր կարդալ։ Իմանալով, որ նամակը Կարոյիցն է, նա անհամբեր կերպով սկսեց կարդալ։ Ես նստած էի նրա մոտ։ Նամակի պարունակության մասին նա ինձ ոչինչ չհայտնեց, կարծես բոլորովին մոռացավ իմ գոյության մասին։ Միայն վերջացնելով ընթերցումը, նա իսկույն հրամայեց Մըհեին իր ձին թամքել, և ասաց Մարոյին շուտով իր զենքերը բերե։ Այսպիսի երևույթները ծերունի որսորդի տնակում սովորական լինելով, Մարոն ամենայն հանդարտությամբ գնաց հոր զենքերը բերեց, և մինչև անգամ չհարցրուց՝ հայր, ո՞ւր ես գնում, երբ նա նստեց ձին և բակից դուրս էր գնում։ Այդ ժամանակ միայն ծերունին տեսավ ինձ և ասաց.
— Ես կվերադառնամ մի քանի օրից հետո։
Գրաբերը գնաց որսորդի հետ։
Երբ ես մտա սենյակը, Մարոն սովորական ժպիտը երեսին ինձ ասաց․
— Մենք էլի՜ մնացինք մենակ…
Բայց ես այնքան խռովված էի ծերունու անակնկալ հեռանալով, որ ոչինչ չպատասխանեցի Մարոյի ուրախ ժպիտին։ Նա, երևի, վիրավորվեցավ իմ սառնասրտությամբ, և մի գեղեցիկ խոժոռ գործելով իր սիրուն երեսի վրա, ասաց․
— Դու չա՜ր մարդ ես, Ֆարհատ։
Մարոն էլ չնայեց իմ վրա, ծիծաղելով սենյակից դուրս վազեց։ Ես մնացի միայնակ։ Իմ խռովությունը հետզհետե սաստկանում էր։ Ծերունի որսորդի վարմունքը չափազանց տանջում էր ինձ, որ նա արժան չհամարեց հաղորդել և ոչ մի բառ Կարոյի նամակի պարունակությունից, լավ գիտցած լինելով, որ ամենայն տեղեկություն նրա մասին որքան իր համար, նույնքան և իմ համար ուրախալի էր։ Ինչո՜ւ նա զրկեց ինձ այդ ուրախությունից։ Ինչո՜ւ չգիտենալ ինձ, թե ո՞ւր մնաց այն մարդը, որին ոչ միայն հարգում էի ես, այլև սիրում էի։
Մինչ ես այս վրդովմունքի մեջ էի, աչքս դարձրի դեպի այն կողմը, ուր նստած էր ծերունի որսորդը․ տեսավ թուղթ ընկած էր այնտեղ, մոտենում եմ,- նույն նամակը։
Ծերունին սաստիկ շտապելով, մոռացել էր իր հետ վեր առնել նամակը։ Իմ ուրախությանը սահման չկար, ես մի քանի րոպե միայն երեխայի հրճվանքով շրջում ու շրջում էի ձեռքումս երկծալ թերթը, որի չորս երեսների վրա սպիտակ տեղ չէր մնացել։ Ամբողջապես դրված էր։ Կարոն տեր Թոդիկի դպրոցից փախչելու ժամանակ այնքան