չէր սովորած, որ գրել գիտենար։ Իսկ այնուհետե ո՞րտեղ ուսել էր նա։ Ես առաջ չէի կարդում նամակը, միայն նայում էի նրա վրա։ Երևում էր, գրիչը խիստ ճարպիկ և համարձակ կերպով վազել էր տողերի վրա, ուր տառերի յուրաքանչյուր գծերից երևում էր մի հաստատուն ձեռքի ամրություն, որ գիտե տիրապետել գրչին, որպես իր որին։
Որքան կարդում էի նամակը, այնքան ավելի գրգռվում էր իմ հետաքրքրությունը։ Կարոն նույնն էր մնացել իր գրության մեջ, ինչ որ էր իր խոսակցության ժամանակ։ Նա խոսում էր խիստ պարզ, առանց գեղաբանության և հասարակ լեզվով։ Նրա պարբերությունները շատ կարճ էին, միևնույն ժամանակ հասկանալի և խորախորհուրդ։ Իր նամակի մեջ մնացել էր նա միևնույն ոճով։ Ինձ առաջին անգամ պատահում էր տեսնել, որ մարդը գրում է այնպես, որպես խոսում են։ Բայց ինչո՞ւ իմ վարժապետը չէր գրում այնպես, որպես մարդիկ խոսում են։ Նրա գրածն ինձ համար մնում էր միշտ հանելուկ, չէր կարելի հասկանալ, կարելի էր միայն գուշակել, թե ինչ էր ուզում ասել։
Կարոյի նամակի մեջ մեջ ևս մի քանի տեղեր մնացին ինձ անբացատրելի․ նրանց մթին այլաբանական ձևը, որպես երևում էր, պարունակում էր իր մեջ մի գաղտնիք, որ հայտնի էր միայն այն մարդուն, որի անունով ուղարկված էր նամակը։
Ես կբերեմ մի քանի կտորներ նույն նամակից, որ մինչև այսօր չեմ մոռացել, որ և երբեք մոռանալու չեմ։
«Բարդուղիմեոս առաքելո վանահոր հետ տեսնվեցա։ Ես գտա նրան այնպես, որպես հույս ունեի։ Ամեն ինչ պատրաստ էր։ Այս աբեղային կարելի է կոչել մարդ, որ իր խոսքի տերն է, և ոչ վարդապետ։ Հազվագյո՜ւտ բացառություն։ Մի ամիս առաջ նա սկսել էր ծախել վանքի ավելորդությունքը, որպես պատվիրել էի ես, և գոյացած գումարը բավականացել էր դնելու գործիքներին: Խեղճ գյուղացիներից շատերը սոխ կոտորելու դանակ անգամ չունեին իրանց տանում. այժմ նրա վիճակի մեջ ամեն տղամարդ զենքեր ունե։ Բոլորը վանահոր շնորհիվն է։ Վանքը կլինի գլխավոր ամրոցը, նրա գիրքը և ամրությունը հարմարություն ունեն այդ կոչմանը։ Ինքը վանահայրը կառաջնորդե իր վիճակի հաղբակեցիներին։ Հասբիստանու կռվում նա արդեն ցույց տվեց, թե ինքը ընդունակ է այս գործին»։
Հասբիստան կոչվում էր Բարդուղիմեոս առաքելո վանքի մոտ մի դաշտ, ուր քանի տարի առաջ պատահեց մի արյունահեղ կոիվ