են շինում»։ Քուրդը քրդի դեմ — մի լավ գործիք է մեր ձեռքում»...
Եզիդիները, եթե ընթերցողը հիշում է, քրդերի այն ցեղն էին, որ կրոնքով տարբեր էին իրանց մահմեդական ազգայիններից և միշտ հալածված նրանցից։ Այդ միակ ցեղն էր, որ հաշտ էր հայերի հետ և ավելի բարեկամ, թեև նա ուներ իր ազգի բոլոր ավազակային հատկությունները։ Մահմեդական քրդերը համարում էին եզիդիներին հեթանոսներ և խիստ ատելությամբ վարվում էին նրանց հետ։ Եզիդիները ներկայացնում էին մարական ցեղի սկզբնական տիպը, մնացած իր մոգական սովորություններով։ Կարդալով Կարոյի գրածները եզիդիների մասին, ես այժմ գիտեի ծերունի որսորդի ճանապարհորդության նպատակը։
Մի քանի տողեր նամակի մեջ վերաբերում էին ինձ։
«Ֆարհատի մասին անհանգիստ եմ, ես նրան թողեցի հիվանդ, չգիտեմ ի՞նչպես է այժմ նրա առողջությունը։ Իհարկե, նրա մասին ինձ տեղեկություն կտաք։ Խնամեցեք այդ մանուկ վագրին, նրա մեջ շատ հարուստ, բայց դեռ չմշակված ուժեր կան»... Վերջին տողերը կարդալու ժամանակ արտասուքս սկսեց թափվել իմ աչքերից, ես չկարողացա շարունակել ընթերցումը։
ԻԹ
ՄԸՀԵԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ
Կարոյի իսկական նպատակը դարձյալ մնում էր ինձ համար մթության մեջ։ Ես չգիտեի՝ ի՞նչ էր կամենում անել նա. ինձ հասկանալի չէր՝ ինչո՞ւ համար նա իր ընկերներին այս կողմ և այն կողմ էր ուղարկում։ Եվ իր՝ Կարոյի ասորոց կաթողիկոսի — այն կիսավայրենի զինվորի և քահանայապետի— մոտ գնալը արդյոք ի՞նչ խորհուրդ ուներ։ Կարոն այն մարդերից չէր, որ օդի մեջ ամրոց կառուցանե կամ դատարկ ցնորքների ետևից ընկնե։ Նա կցաներ այնտեղ, որտեղից հաստատ գիտեր, թե հնձել կարող է։ Իսկ այդ բոլոր զգուշավոր և գաղտնածածուկ նախապատրաստություններից ի՞նչ օգուտ պետք է քաղեր նա։
Ահա մտքեր, որոնք ինձ պաշարեցին նամակի ընթերցումից հետո։