Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարոյին ես ճանաչում էի այն ժամանակ, երբ նա մի լուռ, մտախոհ, միևնույն ժամանակ դեպի ամեն վատություն ոխերիմ պատանի էր։ Երբ նա մեր դպրոցից անհայտացավ, այնուհետև նրա մասին ոչինչ չգիտեի, թե ո՞ւր գնաց նա, ի՞նչով էր պարապում այնքան ժամանակ և ի՞նչ առիթով կրկին վերադարձավ։ Միայն հասարակական կարծիքը նրա մասին լավ չէր խոսում. նրան համարում էին մի համարձակ սրիկա և ավելի ոչինչ։

Բայց մի մարդ, որ միշտ անբախտի և թշվառի բարօրության համար էր մտածում, մի մարդ, որ աշխատում էր նեղյալի հանգստության համար, կարո՞ղ էր սրիկա լինել։

Ներքին ձայնը պատասխանում էր՝ ոչ։

Իսկ միևնույն ժամանակ Կարոյի անսահման բարեմտության հետ խառն նկատվում էին արարմունքներ, որոնք բարի մարդու գործեր չէին։ Մարոյի հայտնած գաղտնիքը «քանդված մատուռի» մոտ, Ղանլի-դարայի մեջ, այն նվիրական ծառերի հովանու տակ,— թե որպես Կարոն սպանել էր իր ընկերներից մեկին, մի հնդկացի երիտասարդի, ամենափոքր կասկածանքի պատճառով,— այս սարսափելի եղեռնագործությունը ես տակավին մոռացել չէի։ Իսկ այժմ իր նամակի մեջ նա ծերունի որսորդին առաջարկում էր մի ուրիշ չարագործություն՝ «հանգստացնել» Հոգվոց վանքի վարդապետին, կտրել մի օծյալ գլուխ, և կիսախելագար Մըհեն պետք է կատարեր դահճի պաշտոնը։

Բայց կմասնակցե՞ ծերունի որսորդը մի այսպիսի արյունոտ գործին, մտածում էի ես։

Ներս մտավ Մարոն ծիծաղելով, նա ձեռքը սեղմել էր իր կուրծքի վրա, կարծես աշխատում էր պահել իր ծիծաղը, թեքթեքվում էր, ուզում էր խոսել, բայց դարձյալ զսպել իր ծիծաղը չէր կարողանում. այնպես ծիծաղելով ընկավ օթոցի վրա, համարյա թե մարեցավ։

— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես։

Նա չկարողացավ պատասխանել։

Հանկարծ դռները շառաչմամբ ետ գնացին, լսելի եղավ Մըհեի ձայնը.

— Ո՞ր սատանան տարավ իմ տրեխները։

Վիթխարի կերպարանքը հայտնվեցավ սենյակի մեջ, որպես մարմնացած կատաղություն։ Նա իր ձեռքում բռնած ուներ մի ահագին լախտ, որի գնդաձև գլխի վրա մեխել էր իր կյանքի մեջ գտած բոլոր բևեռները։