Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/398

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարոն սկսեց հավատացնել Մըհեին, թե ինքը նրա տրեխների կորուստի մեջ հանցավոր չէ, թե նա շատ ցավում է, որ այսպես էր պատահել։ Եվ ավելացրուց, տրեխները բոլորովին հում կաշուց շինած լինելով, և որովհետև ինքը Մըհեն չէր հագնում նրանց, այլ քարշ տալով ախոռի պատից, պահում էր զատիկ օրվա համար, տրեխները բոլորովին չորացել և կծկվել էին։ Երբ Մըհեն դրեց նրանց ջրի մեջ, որ փափկեն, լայնանան, որ կարողանա հագնել, անիծված շունը օգուտ քաղելով Մըհեի բացակայությունից, գողացավ տրեխները, և ինքը Մարոն այս րոպեիս տեսավ, որ նա բակի, մեկ անկյունում նստած, դեռ վայելում էր իր անուշ ընթրիքը։

Մարոն այս բոլորը պատմեց մի այնպիսի հեգնական ոճով, որ ավելի շարժեց Մըհեի կատաղությունը և ավելացրուց։

— Դու խո գիտես, Մըհե, որքան ես սիրում եմ քեզ։ Ես այնպես բա՜ն կանեմ քո տրեխների հետ։

— Ես գիտեմ...— քրթմնջաց վիթխարին, և իր վայրենի աչքերը ուղղելով սիրուն օրիորդի երեսին, դուրս գնաց սենյակից։

— Իմանում ես, Ֆարհատ, ախար այդ հիմարը սիրահարված է իմ վրա,— դարձավ Մարոն դեպի ինձ։

— ՉԷ կարելի քեզ տեսնել ու չսիրահարվել։

Նա որպես թե չլսեց իմ խոսքը։

— Խե՜ղճ տղա, նա մինչև այսօր պահում է իր ծոցի մեջ իմ հին գուլպաների մի հատը։ Քանի՜ տարի է։ Շատ անգամ տեսել եմ, ինչպես հանում է նա ծոցեն, մտիկ է անում, ուրախանում է ու սեղմում է շրթունքի վրա։ Մի անգամ հիվանդ էի ես․ ձմեռ էր, խեղճը նստում էր իմ սենյակի դռանը, ամբողջ գիշերը չէր քնում․ դռան ճեղքից ականջ էր դնում, թե ինչպես շունչ եմ քաշում ես, որպես հոգոց եմ հանում։ Շատ անգամ ես լսում էի, նա լաց էր լինում. մի այնպիսի գազանը լաց էր լինում։ Դու գիտե՞ս, Ֆարհատ, իմ սենյակի դուռը բացվում է ուղիղ բակի մեջ. նա նստում էր ձյունի և սառի տակ։

— Երևի, նա երբեմն քաղցրիկ խոսքեր է ասում քեզ։

— Ոչ, չէ ասում։ Նա միայն մտիկ է անում իմ երեսին, խորին կերպով մտիկ է անում, ուրախանում է, երբ ես նրան ուշունց եմ տալիս:

— Երևի, դա նրան զվարճություն է պատճառում։

— Հա՛, մի այդպիսի բան։ Լսիր, մի անգամ նա ինձ ասաց՝ «Մարո, բե՛ր ձեռքս քսեմ քո մազերին»։

— Դու բարկացա՞ր։