Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չբարկացա։ Եթե մի այսպիսի խոսք Սագոն ասեր, ես կբարկանայի, բայց Մըհեն ինչ որ ասե, ես չեմ բարկանա, նրա սիրտը իստակ է, նա չէ հասկանում ինչ բան է սերը։

— Դու հասկանո՞ւմ ես։

Մարոն ոչինչ չպատասխանեց, որովհետև նույն րոպեում լսելի եղավ շան խորին կնձկնձոցը և իսկույն լռեց գիշերային մթության մեջ:

— Վա՜հ, այս ի՞նչ արեց, երևի այն հիմարը շանը սպանեց,— ձայն տվեց Մարոն և ճրագը խլեց, դուրս թռավ։

Ես էլ գնացի նրա հետ։ Եվ իրավ, շունը անմռունչ կերպով ընկած էր բակի մեջ. ճրագի լուսով մենք տեսանք՝ նրա գլուխը Մըհեի լախտի մի հարվածից բոլորովին փշրվել էր և ուղեղը դուրս թափվել։

— Թաղե՜մ քո սարսաղ գլուխը, ինչո՞ւ սպանեցիր շանը,— ասաց Մարոն ցավալի կերպով։

Մըհեն, որ դեռ կանգնած էր իր զոհի մոտ, ոչինչ չպատասխանեց, մոտեցավ բակի դռանը, ոտքով մի կողմ գլորեց ահագին քարը, որ դրած էր դռան ետևը փականքի տեղ, և լախտը իր ուսին դնելով, լուռ ու մունջ դուրս գնաց։

— Ո՞ւր է գնում նա,— հարցրի ես Մարոյից։

— Աստված ոչ գիտե նրա գլուխը։ Նա երբ որ իր մահակը վեր առավ, տրեխները հագավ, կնշանակե հեռու տեղ ունե գնալու։ Թե չէ ողջ տարին նա բոբիկ ոտքերով է ման գալիս. ոտնամանը մի ծանրություն է նրա համար։

— Նա հիմա էլ ոտնաման չուներ։

— Նրա համար, որ շունը կերավ։ Փակիր դուռը, Ֆարհատ։ Ես մոտեցա դռանը, այն քարը, որ Մըհեն մեկ ոտքով հեռու գլորեց որպես թեթև տաշեղ, ես հազիվ կարողացա երկու ձեռքով իր տեղը դնել։ Մարոն տեսնելով այդ, սկսեց ծիծաղել։

— Այնպես, խո ես էլ կարող էի մոտ մղել քարը։

— Դե՛, փորձիր։

Եվ իրավ, Մարոն ավելի թեթև կերպով, քան թե ես, վեր առավ ահագին քարը և բարձրացրուց գետնից։

— Դու ուժեղ ես, Մարո, դրա համար էլ Մըհեն քեզ սիրում է, որ իր պես ուժեղ ես։

— Սատկի՛ Մըհեն, ես նրան էլ չպետք է սիրեմ,— պատասխանեց նա, երբ կրկին տեսավ սպանված շանը, որի ահագին դիակը պառկած էր բակի մեջ։