այն նրա խորամանկ երեսի վրա երևաց լի չարախնդությամբ մի դիվական ժպիտ։
Մարիամը, մի անկյունում կանգնած, լուռ և երկչոտ դեմքով նայում էր նրանց վրա, երբ պարոն Ք... գնաց նստեց կիսաթախտի վրա և հրավիրեց յուր մոտ օրիորդին։
Օրիորդի թշերն ամոթից կարմրել, վարդի գույն էին ստացել։— Ե՛կ, մի ամաչիր, կանչում էր նրան պարոն Ք...
— Գնա՜, մի ամաչիր, բոթում էր նրան Կատոն։
Օրիորդը մի քայլ անդամ չարեց;
Պարոն Ք... տեսնելով, որ նա չէր համարձակվում յուր մոտ գալ, մոտեցավ օրիորդին, բռնեց նրա ձեռից և տարավ կիսաթախտի վրա, ուր ինքն առաջ նստած էր։
— Ի՜նչ լավ աղջիկ ես,— ասաց նա շոյելով Մարիամի սիրուն մազերը և ավելի մոտենալով նրան։
Օրիորդը բոլոր մարմնով դողում էր։
— Այժմ դու կարող ես գնալ, Կատո,— ասաց պարոն Ք... պառավին։
Երբ Կատոն պատրաստվում էր դուրս գնալ, Մարիամը վազեց նրա մոտ, բռնեց պառավի փեշից, ասելով.
— Չէ՛, դու մի՛ գնա։
— Ես չեմ գնալու, Մարիամ,— պատասխանեց պառավը նրան հանգստացնելով.— ես գնում եմ մեկէլ օթախից քեզ համար միրգ բերեմ։
— Չեմ ուզում միրգը, ինձ տա՜ր մեր տուն։
— Հիմա ուշ է,— ասաց նրան պարոն Ք... կրկին մոտենալով.— էս գիշեր մնա՛ էստեղ, առավոտը Կատոն քեզ կտանե։
— Չէ՛, չեմ կարա մնալ, մերս հիվանդ է, հիմա թո՛ղ տանե, — ասում էր Մարիամը աչքերը լցված արտասուքով։
— Դե՛ լավ, էստեղ սպասի՛ր, գնամ ֆայտոնը կանչեմ, որ քեզ տանե,— ասաց Կատոն և դուրս վազեց։
Օրիորդն շտապեց նրան հետևել, դուռն արդեն կողպված էր դրսից...
Անցան մի քանի րոպեներ... դա՛ռն — դրամատիկական րոպենե՜ր... Անցավ քառորդ ժամ։
Հանկարծ սենյակի լուսամուտներից մինը շառաչմամբ բացվեցավ և մի մարմին գլորվեցավ ներքև։
Չե՜մ ուզի... չե՜մ ուզի...», օդի մեջ լսելի եղավ մի ձայն և շուտով լռեց... Այդ խեղճ Մարիամի ձայնն էր։