Մյուս շները հավաքվել էին և լիզում էին իրանց բարեկամի վերքը։ Կարծես, ուզում էին բժշկել նրան։ Մենք գնացինք սենյակը։
— Ես գիտեմ Մըհեն ուր գնաց Մարո։
— Ո՞ւր գնաց։
— Չեմ ասի, վախենում եմ ուրիշին ասես։
— Ես խո երեխա չեմ։
Ես հայտնեցի Մարոյին, ինչ որ գիտեի Մըհեի ճանապարհորդության նպատակի մասին։ Նրա դեմքն ընդունեց խիստ աղոտ արտահայտություն և խոսեց բարկացկոտ, դողդոջուն ձայնով։
— Ես հավատում եմ, նա կանե, նա պատրաստ է ամեն բան անել, երբ հայրս հրամայում է նրան։ Ա՜խ, հայրս...
Նա խեղդեց իր ձայնը և չշարունակեց խոսքը։ Րոպեական լռությունից հետո նա ասաց.
— Դու գիտե՞ս, Ֆարհատ, Մըհեն մարդասպան է։
— Ո՞րպես։
Մարոն պատմեց, թե Մըհեն հաղբակեցի չէ, ինչ որ երկրից է, որի անունը մոռացել է, բայց այն երկիրը շատ հեռու է։ Թե նա, Մըհեն ունեցել է մի քույր, որպես ինքն է ասում, գեղեցիկ աղջիկ։ Նրանց գյուղի աղայի տղան աչք է ունեցել Մըհեի քրոջ վրա։ Քույրը հայտնել է եղբորը։ Աղայի տղան հայ չէ լինում, «անօրեն» պարսիկ է լինում։ Մի օր քույրը մենակ գնում է դաշտից խոտ քաղելու, աղայի տղան նրան բռնում է, չարչարում է... Մըհեն վրա է հասնում և իր դանակով նրա վիզը կտրում է, ու հետո թողնում է այն երկիրը, փախչում է։
Ես Մարոյին պատասխանեցի, թե այս գործի մեջ Մըհեն շատ հանցավոր չէ, թե ես ինքս այդպես կվարվեի, եթե մեկը համարձակվեր անպատվել իմ քրոջը։
— Ես ինքս կսպանեի մի այնպիսի տղին, և չէի թողնիլ, որ եղբայրս մեջ մտներ,—— պատասխանեց Մարոն։— Բայց Մըհեն այստեղ էլ շատ բաներ է արել...
— Ի՞նչ բաներ։
— Չեմ կարող ասել, մի՛ հարցրու։ Հայրս պատվիրել է, որ ոչ մի մարդու չասեմ։
— Ի՞նձ էլ։
— Քեզ էլ։
Ես տեսա, որ անկարելի էր Մարոյից խոսք դուրս քաշել այս գաղտնիքի մասին, որովհետև Մարոն միամիտ աղջիկներից չէր։ Եվ հարցրի.