Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

—Իչո՞ւ հայրդ պահում է իր մոտ մի այսպիսի մարդասպանին։

— Նրա համար, որ նա մարդասպան է։

— Լա՞վ է մարդ սպանելը։

— Վատ մարդուն, իհարկե։

— Ուրեմն դու ինչո՞ւ Մըհեի վրա բարկանում ես։

— Նրա համար, որ նա սպանեց շանը։

— Շունը մարդից լա՞վ է։

— Շատ մարդերից, որոնք վատ են, ինչպես քրդերը։ Շունը մեր տունը պահում էր։ Բայց քրդերը մեր տունը քանդում են։

Իսկ և իսկ իր հոր կտորն է»... ասեցի ես իմ մտքում։

— Գիտես, Ֆարհատ, ո՞րքան գող են քրդերը, նրանց երեխաներն էլ գող են. հենց որ օրորոցից դուրս են թռչում, գողություն են անում: Անցյալ տարի մեր հավերի ճուտերից ամեն օր մեկը պակասում էր, էնպես որ տասներկու ճուտից մնաց երեքը։ Ո՞վ է տանում, տեր աստված։ Հայրս ասում էր՝ քորքորան (ուրուրը) է տանում. Մըհեն ասում էր՝ աղվեսն է գողանում։ Ես բակի բոլոր ծակերը բռնեցի, որ աղվեսը ներս չմտնի, մի ծակ միայն բաց թողի, որ գալու ժամանակ բռնեմ նրան։ Գիշերը նստում եմ, մտիկ եմ անում, մտիկ եմ անում, աղվեսը չկա։ Ցերեկով մտիկ եմ անում, ագռավն էլ չէ թռչում մեր կտուրի վրայով։ Բա՛ ո՞վ է տանում ճուտերը։ Մի օր տեսնեմ, մեր հարևան քրդի աղջիկը, մեր տան դռնիցը անց կացավ, մտավ մարագը, կանչեց՝ ճո՜ւ, ճո՜ւ։ Ճուտերը նրա ձայնին սովորած էին, իսկույն դուրս վազեցին։ Նա կուտ գցելով, ճուտերին հեռացրուց, տարավ մինչև մեր տան մոտի խրամը, իջավ փոսի մեջ։ Ի՞նչ սատանա է։ Ես վրա հասա, տեսնեմ՝ ճուտերից մեկը բռնել է, ուզում է տանել։ «Տn, սատկած Գյուլի, ո՞ւր ես տանում մեր ճուտը», ասում եմ ես ու բռնում նրա ծամերից։ Նա մատները գցեց, ուզում էր իմ երեսը ճանկռտել։ Ես բռնեցի բողազից (շնչափողից), դրի տակս, խեղդում եմ, խեղդում, մինչև աչքերը դուրս թռան։ Ափսո՜ս, որ Հասոն եկավ, ձեռքիցս առեց։

— Մե՞ծ էր այն աղջիկը։

— Տես, այսքան բարձր էր ինձանից։— Նա ձեռքը տարավ դեպի գլուխը և կես արշինի չափ վեր բռնեց։— Մինչև այսօր էլ Գյուլին ինձ հետ ոխ ունի, ասում է՝ քեզ մի օր պետք է սպանեմ։ Հո՜ղեմ նրա սարսաղ գլուխը, լա՜վ մարդու է սպանում... Ի՜նչ նրա ատամների խարջն եմ...