Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/403

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնել այս կնոջ երեսը կամ լսել նրա բերանից մի խոսք։ Նա ոչ ոքի հետ չեր խոսում, բացի Մարոյից և բացի իր ամուսնից, այն ևս այն ժամանակ, երբ երկուքը միասին էին, և երրորդ անձն չկար նրանց մոտ։

Տանեցիներից ուրիշ մարդ չէր երևում։

Միայն Հասոյի երեխաները, քարշ ընկած մոր փեշերից, ճչվչում էին, պահանջում էին մի բան ուտենու։ Մայրը խփում էր նրանց գլխին, պատվիրում էր, որ սուս կենան և համբերեն։

Ես նկատեցի, Մարոյի խոսքը բոլորովին ուղիղ էր, որ նա ասաց ինձ իր հորը ճանապարհ դնելեն հետո՝ «մենք էլի մնացինք մենակ»․․․

Եվ իրավ, ծերունի որսորդը գնաց եզիդիների ցեղապետի մոտ։ Մըհեն սատանայի պես անհայտացավ։ Հասոն իր ագարկից տուն չեր դառնում․ նա պարապված էր իր դաշտային գործերով։ Պառավ Խաթունը թոնիրը վառելեն և կերակուրները եփելեն հետո, նստում էր չարդախի տակ, այն հով տեղում բուրդ էր մանում։ Հասոյի կինը հանգստություն չուներ իր երեխաների ձեռքից։ Էլ ո՞վ, էր մնում,- ես ու Մարոն, որ բավականին ազատ ժամեր ունեինք, խոսի՛ր, ծիծաղի՛ր, որքան քեֆդ է։ Մարոն շուտ դարձավ նախիրից։ Նա մոտեցավ, իմ սենյակի պատուհանից նայեց, որ իմանա ես զարթնե՞լ եմ, թե ոչ։ Երբ տեսավ ինձ հագնված, ներս մտավ։ Նրա դեմքը բավականին տխուր էր։

-Գիտե՞ս, Ֆարհատ,- ասաց նա,- երբ կովերը հասցրի նախիրին, ետ դառնալու ժամանակ անցա գյուղի միջով։ Ամեն տներից գալիս էր գաթայի ու նազուքի հոտը, ամեն տեղ հալվա էին շինում։ Բոլորը պատրաստվում են ուխտ գնալու։

-Ո՞րտեղ։

-Չե՞ս իմանում։ Այսօր հինգշաբթի է, էգուց ուրբաթ, մյուս օրը․․․

-Հա՛։ Շաբաթ օրը սուրբ աստվածածնի ուխտի օրն է։ Ողջ Հաղբակը այնտեղ կլինի։

-Սալմաստն էլ այնտեղ կլինի,-պատասխանեցի ես։

Իրավ որ, նրա տոնին այնտեղ հավաքվում էր մեծ բազմություն սալմաստեցի և հաղթակեցի ուխտավորների։ Չգիտեմ ինչո՞ւ աստվածածնի անունը հիշեցրեց իմ մանկությունը։ Այնտեղ ամեն տարի տանում էր ինձ մայրս, քույրերիս հետ, տոնական հանդեսների ժամանակ։