Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/404

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Բա՛, ամենը գնան, ես մնա՞մ,— հարցրուց Մարոն։

— Դու էլ գնա։

— Ո՞ւմ հետ։ Հայրս տանը չէ։ Մըհեն կորավ։ Եղբայրս այսպիսի բաների գլուխ չունի։ Ո՞վ կտանե ինձ։

— Ես։

— Դու հանաք ես անում, Ֆարհատ։

Ես հավատացրի Մարոյին, որ իմ խոստմունքը կատակ չէր, թե ես բոլորովին մոռացել էի, որ այս շաբաթ աստվածածնի տոնն է, հիմա որ իմացա, ես ինքս մեծ ցանկություն ունեմ այնտեղ գնալու, որովհետև գիտեմ, ուխտավորների թվում կլինեն մեր քաղաքացիներից շատերը, գուցե նրանց մեջ կգտնեմ իմ բարեկամներին, որոնցից այնքան ժամանակ բաժանված էի։

— Կարելի է տեսնես մորդ և քույրերիդ։

— Շատ կարելի է։

— Լավ։ Հիմա ինչ եմ ուզում անել, Ֆարհատ,—շարունակեց Մարոն ծանր կերպով։ — Առանց եղբորս կամքին ես չեմ կարա գնալ, դու պետք է խնդրես Հասոյից, որ ինձ թող տա քեզ հետ գալու։ Դու ասա նրան, թե ինքդ ուզում ես ուխտ գնալ, ինձ էլ տանում ես քեզ հետ։ Հասոն քո խաթրը շատ ունի, քո խոսքը չի կոտրի։— Այսպես կասես, հա՞։

—Հա՛, այդպես։ Ես այս րոպեիս կերթամ Հասոյի մոտ, քեզ համար հրաման կառնեմ։

Մարոն փաթաթվեցավ ինձ որպես երեխա, որին խոստանում են բազարից քիշմիշ բերելու։ Նա թողեց ինձ և դուրս վազեց, ասելով․

—Սպասի՛ր, մի քիչ կաթ բերեմ խմի՛ր, քաղցած մի՛ գնա։

Նա շուտով բերեց մի մեծ թասով կաթ և մի կտոր հաց։ Նախաճաշիկս անելեն հետո, ես դիմեցի դեպի Հասոյի արտը։

Հասոն սկզբում շատ դժվարացավ մեր ուխտ գնալու մասին, ասելով, թե տունը բոլորովին կմնա անտեր, թե տունը առանց տղամարդի հսկողությամ թողնել չի կարելի, որովհետև ամեն գիշեր գողոթյուններ են պատահում․ թե նա, Հասոն պետք է ստիպված լինի թողնել դաշտը և գնալ տանը պառկելու․ այն ժամանակ նրա ցանքերը կմնան առանց հսկողության։ Նա ավելցրուց, թե անիծած քրդերն իստակ բարբարոսներ են, որքան կարողանում են վերառնել՝ գողանում են, իսկ մնացածը փչացնում են և այնպես հեռանում։ Եվ նա այս պատճառով ամբողջ գիշերը չէ քնում, հենց հրացանը գոգին դրած, նստում է և բաց աչքերով հսկում է․ աչքդ