Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպեսզի որսորդի տունը ինձ ձանձրալի չլիներ, և ավելացրուց, մի փոքր հանաքի ձև տալով իր խոսքերին։

— Դու երեխայությունից իրասածի (համառ) տղա էիր, Ֆարհատ։ Ես գիտեմ, թե քեզ կարողանամ հանքստացնել, Մարոյին չեմ կարող․ նա ավելի կապը-կտրած է։ Գնացեք, ինչպես ուզում եք, այնպես արեցեք, ես էս գործիցը ձեռքերս լվանում եմ․․․

— Մարոն ուզում է, որ քո կամքովն լինի։

— Ուրեմն, թող խաթումին էլ իր հետ վեր առնե։

— Դարձյա՞լ «կովի կովի հետ»․․․

Հասոն ծիծաղեց։ Ծիծաղը նրա բարի երսի վրա փոխվեցավ ժպիտի և նա ասաց․

— Քույրս քեզ շատ է սիրում, Ֆարհատ։

— Ի՞նչ գիտես։

— Նա ինքն ասաց ինձ։

— Թող սիրե, ավելի լավ։

— Բայց դո՞ւ։

— Ե՞ս․․․ Մենք սիրում էինք մեկ մեկու, երբ դեռ երեխա էինք։

— Այն սերն ուրիշ եր։

— Սերը միշտ սեր է․ նա չի փոխվում։

— Դու կարդացողի գլուխ ունես, Ֆարհատ, քեզ հետ դժվար է խոսելը,— ասաց Հասոն և բարձրացրուց իր խարազանը, սկսեց քշել արորին լծած եզները։

Ես հեռացա։

Զարմանալին այն էր, որ մի քանի շարականներ սովորած լինելով, այն ժամանակ ես ուսումնական էի համարվում։ Իհարկե, Հասոյի աչքում ամեն տիրացու կշիռ ուներ․ թեև ես ինքս այժմ ծիծաղում եմ իմ այն ժամանակվա գիտության վրա։

Հասոյի արտը բավականին հեռու էր գյուղից։ Ես շտապում էի շուտ տուն հասնել, հայտնել Մարոյին եղբոր համաձայնությունը․ այդ պատճառով ընտրեցի թեև դժվարին, բայց ավելի կտրուկ և կարճ ճանապարհը։ Հարկավոր էր միայն իջնել ձորը, անցնել մի քանի բլուրներ, վերջին բլուրի վրա արդեն կանգնած էր ծերունի որսորդի տունը։

Արեգակը թեև մի ժամ առաջ ծագել էր, բայց երևում։ Օրը մառախլապատ էր, և մռայլոտ ձորի խլությունը տալիս էր նրան շավիղ ոլոր-մոլոր գնում էր ձորի միջով, տեղ-տեղ թաքնվում էր խոտերի