Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ, իսկ երբեմն ծածկվում էր փուչ եկած ժայռերի բեկորներով։ Այս զառիվայր և զառիվեր ճանապարհով կարող էին շրջել միայն եղջերուները։

Խորասուզված մտածությունների մեջ, համարյա աննկատելի էր ինձ ճանապարհի դժվարությունը, ինձ պաշարել էր աստվածածնի ուխտագնացության ուրախությունը։ Մտածում էի, այնտեղ ուխտավորների թվում կտեսնեմ մեր քաղաքացիներից շատերին. գուցե մայրս, Մարիամը և Մագթաղը նույնպես նրանց հետ կլինեն։ Մայրս ամեն տարի կատարում էր աստվածածնա ուխտը։ Ո՜րքան կուրախանա նա, ո՜րքան կուրախանան քույրերս, երբ որ ինձ կտեսնեն։ Երևի նրանք իմ մասին շատ տխուր են, ինձ բոլորովին կորած են համարում...

Եվ վերջ ի վերջո ես մտածում էի, գուցե կտեսնեմ և Սոնային․ նրա հայրն որպես քահանա կգար գյուղացիների հետ (նրա հունձի օրն է), Սոնային ևս կբերե իր հետ։ Ի՞նչ կասե Սոնան, երբ կտեսնե ինձ։

Ծերունի որսորդի տունը գալեն հետո, առաջին անգամ ջերմ կարոտով ես հիշեցի մեր խրճիթը, հայրենական երկիրը և այն մարդիկներին, որոնց ճանաչում էի, որոնց հետ սնվել ու մեծացել էր։

Երևցավ մի բարակ վտակ, որ խաչաձև կտրելով իմ ուղին, թափվում էր փոքր֊ինչ հեռու ձորի խորության մեջ։ Նա այնքան հստակ էր, որպես բյուրեղ։ Երբ թեքվեցա ջրիցը խմելու, տեսնում եմ, վտակը բերում է իր հետ խիստ մանր ավազներ, որ անկարելի Էր խմել։ Ես դիմեցի դեպի ջրի աղբյուրը, որ երևում էր շատ հեռու չպետք է լինի։ Մի աղոտ բան անորոշ կերպով խլրտվում էր, թեև մոտ էր նա, բայց վաղորդյան մառախուղը թույլ չէր տալիս պարզ տեսնել։ Երբեմն կծկվում էր նա, երբեմն բաժանվում էր, և ամեն մի մասը տնկվելով գետնի վրա, մարդու մռայլ կերպարանք էր ընդունում։ Նրանք դարձյալ միացան և կազմեցին մի սև շարժուն գունդ։ Ի՞նչ պետք է լինի։ Մոտենում եմ։ Երկու արարած, միմյանց փաթաթված, աշխատում էին մինը մյուսին տակով անել։ Նրանք կանայք էին։ Մեկի ձեռքում փայլեց դանակը։ Ես մոտ հասա։ Մարոն տարածել էր գետնի վրա մի աղջկա, և նրա բազուկը պինդ բռնած, աշխատում էր ձեռքից խլել դանակը։ Սարսափելի մի տեսարան էր այդ։ Երկու կատաղած առյուծուհիք մենամարտում էին։ Մարոյի հակառակորդը քրդուհի էր։ Ես վրա հասա և բաժանեցի նրանց։