Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/408

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ես քեզ դարձյալ կստակացնե՜մ, դու իմ ձեռքից չե՜ս պրծնի,— ասաց քրդուհին, որի գեղեցիկ, սևորակ աչքերը նույն րոպեում ընդունել էին գազանի աչքերի նմանություն։

Մարոն ոչինչ չասաց, նա այնքան վրդովված էր, որ խոսել չէր կարողանում։ Նա պատասխանեց իր արհամարհական նայվածքով։

Քրդուհին ավելի գեղեցիկ է իր կատաղության րոպեում. նրա հոգին և արտաքին կերպարանքը կազմակերպում են այն ժամանակ մի ամբողջ պատկեր, որի մեջ նա երևում է իր բոլոր քաջազնական բնավորությամբ։

Ես չէի կարող առանց համակրության նայել լեռների այն ազատ դստեր վրա, թեև մի րոպե առաջ նա ուզում էր սպանել Մարոյին։

— Ինչո՞ւ էիր սպանում այս աղջկան,— հարցրի ես քրդուհիից։

— Դու չգիտես, աղա,— նա ինձ համարում էր թուրք,— ի՞նչպես սատանա է այս աղջիկը, կասես թե ֆըլա (հայի նախատական կոչումը քրդի լեզվում) չլինի, նա համարձակվում է ձեռքը բարձրացնել իմ վրա. մի օր ուզում էր խեղդել ինձ։ Ո՞ր հայը այսպես կանե։

— Հայը ի՞նչ է, որ չկարողանա այսպես անել։

— Հայը շո՜ւն է, հենց որ հաչե, գլխին խփի՛ր, ձենը կկտրե։

Արյունը վազեց դեպի իմ գլուխը, ձեռքերս դողացին։ Քայց ի՞նչ մեղ ուներ քրդուհին, երբ անարգում էր մի ազգություն, որ ինքն իր ստորությամբ առիթ էր տվել իր մասին կազմել մի այսպիսի վատ կարծիք...

Բայց Մարոն համբերել չկարողացավ. նա կրկին հարձակվեցավ քրդուհու վրա և մի հարվածով գլորեց նրան գետին։ Ես դժվարությամբ կարողացա ազատել նրա ճանկերից ոչ սակավ կատաղած զոհը։

— Թո՛ղ տուր խեղդեմ դրան,— ասում էր Մարոն։

— Շո՜ւն,— գոռում էր քրդուհին։

Այն ժամանակ միայն նկատեցի, որ Մարոյի ձեռքից արյուն էր հոսում։ Երբ առաջին անգամ քրդուհու բազուկը բռնած, նա աշխատում էր խլել նրանից դանակը, մատը վիրավորել էր, և իր խռովության մեջ չէր զգում ցավը։ Ես ուզեցի փաթաթել վերքը, բայց նա թող չտվեց, ասելով, թե ինքն ևս կարող է փաթաթել։ Նա մոտեցավ աղբյուրին, սկսեց սառն ջրով լվանալ արյունը։