Քրդուհին գցեց իր ուսին մի տոպրակ, որի մեջ դրած էր մի գառն, և իր քայլերն ուղղեց դեպի գյուղը։
— Ո՞ւր ես տանում այս գառը,— հարցրի նրանից։
— Տանում եմ «աստծո մարդու» համար,— պատասխանեց նա հանդարտ կերպով։
— Ո՞վ է «աստծո մարդը»։
— Նա գրում է թիլիսմաններ, և որ տղային սիրում է աղջիկը, նրան բերում է այն աղջկա համար։
— Ուրեմն դու սիրո՞ւմ ես մեկին։
— Ահմեի որդի Սաֆոյին։ Նա մի քաջ որսորդ է։
— Իսկ այդ գառը քո հոր հոտի՞ցն է։
— Ես նրան գողացա ճանապարհին գալու ժամանակ։
— Երևի, հայերի ոչխարներից։ Այդպես չէ՞։
— Բա՛ ո՞րտեղից։ Քրդի գառը ես չեմ գողանա։
— Հեռո՞ւ է քո հոր չադրը։
— Խանա֊Սորի այն կողմը։ Ես այնտեղից դուրս եկա, երբ լույսը դեռ չէր ծագել։ Հայրս չիմացավ։
Ավելի քան երեք մղոն ճանապարհ էր եկել քրդուհին։ Նա նայեց դեպի վեր, տեսնելու թե արևը որտեղ էր կանգնած և շարունակեց իր ճանապարհը, ասելով.
— Ես հեռու պետք է գնամ, «աստծո մարդը» կենում է այստեղից շատ հեռու, տե՛ս, այն կապույտ սարերի մեջ։ Թե մի օր կպատահի քեզ անցնել Խանա֊Սորի ձորով, հարցրու այնտեղ Գյուլիի հոր չադրը, նրան կոչում են Ռահմանի որդի Ռահիմ. նա Բիբլասների ցեղապետն է։ Գյուլին շատ սիրեց քեզ, դու օգնեցիր նրան։ Քո աչքերը նմանում են նրա Սաֆոյի սուրմայած աչքերին։ Գյուլին հանգստություն կտա քեզ իր հոր չադրում, մի ամսական գառը կմորթե քեզ համար։
Ես կամեցա գեղեցիկ քրդուհու քաղցրախոսությանը պատասխանել նույն ոճով և ասացի.
— Բայց Գյուլին նմանում է քյաֆար գյուլի (մուգ-ծիրանի գույն ունեցող վարդի)։
Քրդուհի օրիորդի գորշ, բայց սիրուն դեմքի վրա փայլեց մի ժպիտ, նա երեսը շուռ տվեց, շարունակեց իր ճանապարհը, ասելով․
— Աստված կտա՞ ինձ մի օր, որ կսպանեմ այն սատանայի քածին... նա ցույց տվեց Մարոյի վրա և հեռացավ։