Մարոն լվացել և փաթաթել էր իր վերքը, երբ ես մոտեցա նրան։
— Գիտե՞ս ով էր այն աղջիկը,— հարցրեց նա։
— Գյուլին։ Այդ աղջիկը գնում էր կախարդի մոտ, որ նրա թիլիսմաներով գրավե իր սիրականին։
— Ո՞վ ասաց քեզ։ Դու արդեն նրա անունն էլ գիտես․․․
— Նա ինքն ասաց։
— Բայց դու, Ֆարհատ, բավականին սիլի-բիլի արեցիր նրա հետ․․․ Շա՜տ խորամանկ ես․․․
— Դրուստն ասեմ, ինձ շատ դուր եկավ Գյուլին։
— Նրա համար, որ իմ մատը կտրեց, հա՞։
Մարոյի աչքերում ցոլաց նախանձի կայծը։
— Դրա համար չէ։ Նա սիրուն աղջիկ է։
— Սարսա՜ղ․․․
— Ես քեզ ուզեցի բարկացնել, Մարո։
— Առանց դրան էլ բարկացած եմ։
— Ի՞նձ վրա։
— Հա՛։ Ինչո՞ւ չթողեցիր սատկեցնեի նրան։
— Գիտե՞ս ինչ կանեին քեզ քրդերը։
— Կսպանեին։ Թող սպանեին։ Մի օր պիտի մեռնեմ, բոլորը մեկ է։
— Հետո ես կմնայի առանց Մարոյի։
Նա ոչինչ չպատասխանեց և րոպեական լռությունից հետո հարցրուց․
— Հասոն ի՞նչ ասաց։
Ես պատասխանեցի, թե Հասոն համաձայնեցավ մեր ուխտագնացության համար, միայն ասաց, որ Խաթունին պետք է մեզ հետ տանենք։ Ես հարցրի, արդյոք ձեռքի վերքն արգելք չէ՞ր լինի։
— Այդ ոչինչ, կտրածը շատ չէ,— պատասխանեց նա։— Ո՞րտեղից պատահեց այն անիծածը։ Գիշերը վատ երազ էի տեսել, հիմա կատարվեց։
— Նա գնում էր կախարդի մոտ իր սիրականի համար թիլիսման գրել տալու։
— Հո՜ղը նրա գլխին, նրա հայրը քրդերի մեծավորն է, բայց ինքը սիրում է մի աղքատ որսորդի, նրա համար միայն, որ այն տղան լավ խաղ է ասում և սիրուն աչքեր ունի։
— Ի՞նչպես եղավ, որ դու եկար այստեղ և հանդիպեցար նրան։