Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/413

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անպիտանացած էր։ Մանկության և զառամության — երկու հակառակ ծայրեր, որոնք ավելի չէին ենթարկվում ընտանեկան խստությունների պահանջներին։

Նույն ավուր երեկոյան պահն էր, որի մյուս առավոտը մենք պետք է ճանապարհ ընկնեինք դեպի վանքը։ Ես գնացել էի ախոռատունը ձիս նայելու և պատանի Ատոյին — դա Մըհեի օգնուկանն էր — պատվիրելու, որ Մարոյի և Խաթունի նստելու ձիաների սարքը պատրաստեր, վաղ առավոտյան գարին տար, որ հովով ճանապարհ ընկնեինք։ Դարձա իմ սենյակը մութը բավականին թանձրացել էր։ Մարոն ամեն օր այս ժամուն ճրագ էր ներս բերում․ այսօր, երևի, այնքան զբաղված էր, որ մոռացել էր, թե ես նստած եմ խավարի մեջ։ Մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա փոխանակ Մարոյին հայտնվեցավ Մարգարիտը ճրագը ձեռին։ Մոր փեշից բռնած, ներս մտավ և փոքրիկ Սալբին — Հասոյի անդրանիկը — և մի այնպիսի վախկոտ երես էր շինել չորս տարեկան երեխան, կարծես երկյուղ ուներ՝ չիցե թե մորը խլեն իր ձեռքից։

Մարգարիտը ձգած ուներ կարմիր քողը գլխին, որ առջևից ծածկում էր նրա երեսը մինչև գոտին, իսկ ետևից՝ բոլոր մեջքը։ Նա առանց քողը բարձրացնելու, լուռ գլուխ տվեց և գրեց ճրագն իր տեղում։ Ինձ երևաց, որ նա չէր ուզում հեռանալ, որպես ասում են՝ ոտքը քարշ գցեց, կարծես ուզում էր մի բան ասել ինձ։ Նա կանգնեց ինձնացի փոքր-ինչ հեռու դռան մոտ, իսկ Սալբին տնկվեց մոր առջևը։ Մայրը խթեց դստեր կողքը, դուստրն իր փայլուն աչքերը դարձուց դեպի նա և հարցրուց․

— Ի՞նց աշեմ։

Մայրը թեքվեցավ, Սալբիի ականջին փսփսաց մի խոսք։

— Աշա′, ախպեր, ախար եշ էլ խեղճ եմ…

Սալբին շփոթվեցավ, նա մոռացավ մոր ասած պարբերության կեսը։ Մայրը կրկին խթեց նրա կողքին և փսփսաց այս անգամ փոքր-ինչ լսելի ձայնով․

— Խորա՜ծ, էսպես չեն ասի։

Թարգմանը կրկնեց նրա խոսքերը․

— Խորա՜ծ, էշպեշ ցեն աշի։

Մայրը բարկանալով անհմուտ թարգմանի տգիտության վրա, այս անգամին ավելի սաստիկ խթեց նրա կողքին։ Սալբին օրորվեցավ, ուզում էր ընկնել գետին, բայց հազիվ կարողանալով պահել իրան փոքրիկ ոտների վրա, տհաճությամբ հարցրուց․

— Բա′, ի՞նցպեշ աշեմ։