— Գլուխդ թա՜ղեմ, գիժ սատանա, տե′ս, էդպես ասա′ — ախպեր, բա ես խեղճ չե՞մ, ամենը գնում են ուխտ, ես մնում եմ, տանը։
Սալբին հաղորդեց ինձ.
— Գլուխդ թա՜ղեմ, գիզ շատանա․․․ Մայրը բամփեց դստեր գլխին, փոքրիկ թարգմանը լաց ելավ, և ձգելով իր անախորժ պաշտոնը, դուրս փախավ։
— Ես հասկացա, քույրս,— ասեցի Մարգարիտին։
Նա անշարժ և լուռ մնաց իր տեղում, սպասելով իմ վերջին խոսքին։
— Դու ուզում ես Մարոյի հետ ուխտ գնալ, այդպես չէ՞։
Նա գլուխը շարժեց հավանական եղանակով։
— Ինչո՞ւ Հասոն չէ ուղարկում և քեզ։
Նա այժմ շարժեց ուսերը, որ նշանակում էր, թե ինքն էլ չգիտե։
— Դու ցանկանում ես, որ ես խնդրե՞մ Հասոյից։
Նա գլուխ տվեց, իբր թե շնորհակալ կլինի։ Նույն միջոցին ներս մտավ Մարոն։ Նրա երեսի վրա երևեցավ զարմացման նման մի բան։
— Դո՞ւ այստեղ ինչ ես շինում,— հարցրուց Մարգարիտից։
Հարսը ձեռքով ցույց տվեց ճրագը, իբր թե ճրագն էր բերել։
— Մարգարիտն ուզում է գալ մեզ հետ,— ասացի ես Մարոյին։
— Թող գա, ավելի լավ։ Բայց Հասոն ի՞նչ կասե։
— Ես Հասոյից կխնդրեմ։
Մարոն ուրախացավ, և դառնալով դեպի Մարգարիտը, ձեռքը տարավ դեպի նրա քողը, բարձրացնելով ասաց․
— Ումի՞ց ես երեսդ ծածկում, Ֆարհատի՞ց, ինչո՞ւ չես խոսում, քույրն եղբոր հետ չի՞ խոսի։ Ֆարհատը ինչպես իմ, այնպես էլ քո եղբայրն է։
Մարգարիտը թեև շուտով քողը քաշեց երեսին, բայց ես կարողացա տեսնել նրա դեմքը, նա նմանում էր մի խամրած, դալկացած ծաղկի, որ երկար պահվել էր ծածկոցի տակ։
Մարոն կրկին ձեռքը տարավ դեպի նրա քողը։ Մարգարիտը չկարողանալով դիմանալ նրա հանաքներին, մի բան ասաց Մարոյի ականջին և դուրս վազեց։ Մարոն սկսեց ծիծաղել։
— Ինչ ասաց նա։
— Ասաց՝ «մեղք չէ՞, որ դու ասում ես՝ Ֆարհատն իմ եղբայրն է»։