— Ինչո՞ւ է մեղք։
— Տղան և աղջիկը երբ մեկմեկու հետ քույր ու եղբայր են դառնում, նրանք էլ…
— Չեն պսակվում։
— Հա՛։ Մեր գյուղում մի տղա ու աղջիկ կային, խաչ-ավետարան համբուրեցին, քույր-եղբայր դարձան․ հետո նրանց հերն ու մերն ուզեցին պսակել նրանց․ նրանք չպսակվեցան, ասեցին՝ մեղք է․ թեև մինչև հիմա էլ սիրում են մեկմեկու։
— Պսակվելու ժամանակ էլ խաչ-ավետարան են համբուրում։
— Բայց քույր-եղբայր չեն դառնում։
— Բա ի՞նչ են դառնում։
— Է՜հ, դու չե՞ս իմանում…
— Իմանում եմ։ Դու շատ չար աղջիկ ես, Մարո, ի՞նչու այնպես արեցիր, երևի Մարգարիտը բարկացավ, որ նրա երեսը ինձ ցույց տվեցիր։
— Նա չի բարկանա։ Մարգարիտը լավ սիրտ ունի․ նա քեզ շատ է սիրում․ երբ գնանք աստվածածին, ես ճանապարհին նրան քեզ հետ կխոսացնեմ։ Այնտեղ քույր-եղրայր դարձեք, Ֆարհատ։ Հետո նա քեզ հետ միշտ կխոսի, երեսը չի թաքցնի, բայց հիմա կարգ չէ, ամաչում է։
— Դու երբ որ հարս կդառնաս, դո՞ւ էլ երեսդ կծածկես, մարդու հետ չե՞ս խոսի։
— Բա ինչպե՞ս, դրա համար են հարս դառնում։
— Այդ բլբլացող լեզուդ ի՞նչպես պետք է լուռ պահես։
— Կսովորեմ։ Ախար տղամարդը կծեծե, երբ կնիկը իր երեսը ուրիշին նշանց տալու լինի։
— Ես չեմ ծեծի…
Մարոն ծիծաղեց․
— Ուրիշներն ի՞նչ կասեն, չե՞ն ասի՝ անամոթ հարս է։
Ներս մտավ Հասոն։ Նա իմանալով, որ մենք վաղ առավոտյան պետք է գնանք, եկել էր տան համար կարգադրություններ անելու։
Թեև խիստ դժվարությամբ, այնուամենայնիվ ես կարողացա Հասոյին համոզել, որ Մարգարիտին ևս մեզ հետ ուղարկել։ Այժմ դժվարությունը մնում էր մի ուրիշ բանում։ Ուխտավորների թվի վրա երկու հոգի ևս ավելացավ՝ Մարգարիտը և փոքրիկ Սալբին, որ լսելով մոր գնալը, լաց եղավ, թե ինքն էլ է ուզում սուրբ աստվածածինը տեսնել։ Ուրեմն մեր ամբողջ քարավանը կազմվում էր