հինգ հոգուց։ Նրանց թվի համեմատ գրաստները չորս հատ էին՝ իմ ու Հասոյի նժույգները, մի մատակ ձի և մի ավանակ։ Ավանակը որոշված էր մեր պաշարները բառնալու համար․ խեղճի բեռան վրա ավելացրին և Սալբիին։ Հասոյի նժույգը և մատակ ձին Մարոյի և Մարգարիտի մեջ բաժանելով, պառավ Խաթունը մնում էր առանց երիվարի։ Գյուղից գրաստ վարձել անկարելի էր, որովհետև գյուղացիներից և ոչ մեկը, բացի ծերունի որսորդից, ձիաներ և ավանակներ չունեին։ Այս խնդիրը վճռեց ինքը Խաթունը, նա ասաց՝ եթե գրաստ ևս գտնվեր, ինքը դարձյալ ոտով կգնար, նրա համար, որ ուխտ է դրել յոթն անգամ հետիոտ սուրբ աստվածածին գնալ․ վեցը կատարել է, մնում է մեկը։ Թեև խիստ դժվար էր պառավի համար երեք օրվա ճանապարհը անցնել ոտով, բայց նա հավատացրուց, թե կկատարե առանց նեղացնելու իրան և ընկերներին։ Մենք մեր կողմից խոստացանք՝ երբեմն վայր իջնել մեր երիվարնեից և տալ պառավին, որ նստե հանգստանալու համար։
Ոչ սակավ տևեց վեճը Մարգարիտի և Մարոյի մեջ․ նրանցից յուրաքանչյուրն ուզում էր հեծնել Հասոյի նժույգը, հաղթությունը տարավ, իհարկե, Մարոն․ մատակ ձին որոշվեցավ Մարգարիտի համար։
Մարոն ուներ իր փոքրիկ փառասիրությունը․ նա ուզում էր հայտնվել ուխտավոների մեջ, նստած գեղեցիկ նժույգի վրա, և ցույց տալ Հաղբակա աղջիկներին, թե ինքը նրանց երկրի «միրի» դուստրն է։ Տղամարդերի մասին չէր մտածում․ նա կամենում էր գրգռել իր ընկերուհիների նախանձը և նրանց ուշադրությունը գրավել։
«Միրը» մեծ նշանակություն ուներ հասարակության մեջ․ նա ժողովրդի գլխավորը և ներկայացուցիչն էր, Հաղբակա հայերի «միրի» պաշտոնը վարում էր Մարոյի հայրը։ Ամենքը կճանաչեին նրան, որպես դուստր այն մարդու, որ հասարակական դրության մեջ բռնել էր բարձր տեղ։ Այդ պատճառով Մարոն աշխատում էր իր արտաքին փայլը հավասարեցնել իր հոր կոչման հետ։ «Միրի» աղջի՜կ, մեծ բան էր Հաղբակում։ Նա ոչ սակավ հոգ էր տանում և իր հագուստի ու պաճուճանքի մասին։ Նրա զարդարանքները բաղկանում էին գույնզգույն հուլունքներից, քթի և ականջների օղերից, մատանիներից, պարանոցի մանյակից, գլխի արախչինից, նախշած ոսկի և արծաթի դրամներով, և արծաթյա քամարից։ Վերջինը խիստ գեղեցիկ կերպով սազ էր գալիս բարակ մեջքին։