Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա մտածում էր և իմ մասին։ Երևի, չէր ուզում, որ ես հայտնվեի ամբոխի մեջ իմ արդեն հնացած հագուստով։ Այն օրից, որ ես փախա տեր Թոդիկի դպրոցեն, ես չէի փոխել իմ հագուստը, որովհետև ուրիշը չունեի։ Գիշերից բավական անցել էր, երբ Մարոն, բոլորովին հոգնած, իմ մոտ եկավ։ Նա հայտնեց, թև ինքը չէ ցանկանում, որ ես երևնայի ուխտավորների մեջ հնացած շորերով, ասաց, որ իր եղբայրը ունե մի ձեռք հագուստ բոլորովին նոր, որոնց ամենևին չէ հագել և ընծայեց ինձ հագնելու համար։

— Հասոյի շորերը իմ վրա չէին կարող նստել,— պատասխանեցի ես։— Հասոն ավելի հաստ է և հասակով կարճ․ ես նրանից բարակ եմ և երկայն։

— Ես չեմ քնի, այս գիշեր կնստեմ, բոլորը կդրստեմ քո հասակի համեմատ։

Նա չափեց իմ հասակը և հեռացավ։

Հաղբակեցի կինը իր տան դերձակն է։ Նրանց հագուստներն այնպես էին ձևված, որ մեծից փոքրի համար և փոքրից մեծի համար փոփոխելու միշտ հնար կար։

Հայերի համար շատ թանկ էր նստում ուխտագնացությունը։

Մի քանի գյուղի բնակիչները հավաքվում էին միասին, կազմում էին ամբողջ քարավան, շատ անգամ բաղկացած հարյուր երկու հարյուր հոգուց։ Մի այսքան բազմություն դարձյալ չէր կարող առանց վտանգի կատարել իր ճանապարհորդությունը․ նրանք վարձում էին քրդի ձիավորներ, որ իրանց պաշտպանեն ավազակների հարձակումներից և մարդագլուխ վճարում էին մի նշանակյալ արծաթ։ Բայց քիչ էր պատահում, որ նույնիսկ պահապան քրդերի անհայտ ընկերները հարձակվում էին և կողոպտում էին ուխտավորների քարավանը։ Պահապանները թեև ընդդիմություն էին գործում, բայց միայն ցույց տալու համար, թե իրանք ավազակների հետ առաջուց հարաբերություն չունեին։

Ուրբաթ օրը մենք ճանապարհ ընկանք, վաղ-առավոտյան, առանց քուրդ ձիավորների պահպանության, և ոչ խառնվեցանք գյուղացիների հետ։ Մի այսպիսի համարձակությունը թեև հանդգնություն էր մեր կողմից, բայց նախ, իմ սնափառությունը չէր ներում ապավինել քրդերի պահպանությանը, երկրորդ, ծերունի որսորդի անունը, որ այնքան հարգված էր Հաղբակա մեջ, բավական էր նրա ընտանիքը քրդերի հարձակմունքից զերծ պահելու համար։