Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Քուրդը գիտե պատվել մեծությունը․ նա ժողովրդի պետի վրա նայում է որպես աստուծո ձեռքին, որը հովանավորում է ժողովրդին։ Ծեքունի որսորդը Հաղբակա հայ ժողովրդյան գլուխն էր։

ԼԲ

ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՎԱՆՔԻ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Շաբաթ ավուր երեկոյան պահուն մենք հասանք վանք։ Իմ առաջին հոգսն եղավ մեր վրանը կազմել մի հարմար տեղում, որ ուխտավորները հանգստանան։ Մարգարիտը և Խաթունը շատ հոգնած էին, նրանք հենց որ տեղ հասան, դիակի պես վայր ընկան։ Մարոյի հպարտությունը թույլ չէր տալիս ցույց տալ իր հոգնածությունը, նա օգնում էր ինձ վրանը կանգնելու միջոցին և ծիծաղում էր Մարգարիտի վրա։ Փոքրիկ Սալբին իր ավանակից իջնելուն պես, վազեց դեպի վանքը, ասելով․

— Եշ գնում եմ աշվաճաճինը տեշնեմ։

Համաձայն Մարոյի ցանկության, ես վրանը կազմեցի մի երևելի տեղում։ Քառորդ ժամից հետո ամեն ինչ սարքված էր։

Սուրբ Տիրամոր վանքը գտնվում էր Վանա ծովակի ափին, Լիմ անապատի հանդեպ, Կորդվաց լեռների մեջ։ Հայաստանի վանքերից համարյա ամեն մեկը սեփականել է մի առանձին հրաշագործ զորություն, և ժողովրդի մեջ հռչակված է որպես այս և այն բժշկությունների մասնագետ։ Կորդվաց երկրի սուրբ աստվածամայրը նշանավոր էր որպես բորոտության, քոսոտության և տեսակ-տեսակ խոցերի բժշկող։ Նա ոչ միայն սրբում էր հուսով իր դուռը դիմող ուխտավորներին հիշյալ ախտերից, այլ բոլորովին առողջ մարդերի մեջ պատճառում էր նույն ախտերը, եթե նրանք բարկացնեին իրան, եթե անհնազանդ կգտնվեին դեպի իր վանականները, և կամ չէին լրացնի նրանց պահանջները։ Այս պատճառով, ժողովրդի մեջ բորոտությունը, քոսոտությունը, մի քանի տեսակ խոցեր և կերցավը՝ կոչվում էին «տիրամոր յարա», այսինքն՝ տիրամոր վերք կամ խոցեր, որոնք հայտնվում են որպես պատիժ մարզիկների հանցանքի համար աստվածամոր կողմից։ Կորդվաց երկրի աստվածամայրը խստասիրտ էր և վրեժխնդիր։ Նրա բարկությունը մարզիկներից անցնում էր և անասունների