վրա։ Ընտանի կենդանիներից ամեն պիսակավորը համարվում էր նրա վանքին նվիրական, որովհետև սուրբ տիրամայրը դրել էր նրա վրա իր «նշանը»։ Տերն իրավունք չուներ իր պետքերի համար գործածել իր կովը, եզը, գոմեշը, ձին և այլ չորքոտանին, եթե նրանց վրա գտնվում էր «տիրամոր նշանը», որը մի ուրիշ բան չէր, եթե ոչ մի քանի պիսակներ անասունի մարմնի որևիցե տեղում։ Նա կամ պետք է ինքն իր անասունը ուղարկեր վանքը, և կամ սպասեր, մինչև վանքի «մղդսիքը» գային և տանեին։ Ամեն տարի վանքի «մղդսիքը» պտտում էին գավառներում և հավաքում էին այսպիսի անասուններ։ Ոչ մի հայ իրավունք չուներ գնել կամ վաճառել նրանց, որովհետև վանքի սեփականություն էին։
Վանքի մոտ կար մի գյուղ, որ կոչվում էր «վանքի գյուղ». նրա բնակիչները բոլորովին ծույլ և տխմար մարդիկ էին, ուրիշ պարապմունք չունեին, միայն ծառայում էին վանքին և կոչվում էին «տիրամոր մղդսիք»։ Նրանց ապրուստի աղբյուրը վանքն էր։
Առանց ցավելու չէր կարելի նայել, երբ մի ամբողջ գյուղի ողորմելի բազմությունը նվիրել էր իրան միայն վանքի սպասավորությանը, դառնալով կույր գործիք նրա միաբանության ձեռքում։ Տիրամոր «մղդսին» գրագետ մարդ չէ։ Բայց նա գիտե ավետարանից ամբողջ գլուխներ, երգում է շարականներ, կարդում է եկեղեցական ընթերցանություններ, երբ նա, առած իր հետ վանքի սրբություններից մեկը, ման է գալիս գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մտնում է ամեն ջերմեռանդ հայի տուն, վանքի սրբությունը բաց է անում, մաղթանք է կատարում, համբուրել է տալիս և ողորմություն է հավաքում։
Տիրամոր «մղդսիների» մուրացիկ թափառականները կարելի էր տեսնել ամեն տեղ։ Ես դեռ հիշում եմ, երբ նրանք մեր տունն էին գալիս, բաց էին անում վանքի «սուրբ նշանը» – նա լինում էր՝ կամ մի խաչ, կամ մի որևիցե սուրբի մարմնի մասունքը,– որը դնում էին մաղի վրա, նրա չորս կողմից ձեռքով բռնում էին, և սկսում էին զանազան բաներ կարդալ։ Մայրս ինձ, Մարիամին և Մագթաղին նստեցնում էր մաղի տակ, որի վրա դրած էր «սուրբ նշանը»։ Այդ անում էր այն մտքով, որ մաղի ծակերից «սուրբ նշանի» օրհնությունը թափվեր մեր գլխին։ Հետո նրանք «խաչալվա» էին անում, մեր երեսին օրհնած ջուր էին քսում, և շատ ուրիշ բաներ էին անում, որ այժմ մոռացել եմ…։ Մայրս փող չէր ունենում, բայց դարձյալ տիրամոր մղդսիներին առանց մի