ՈՎ ԷՐ ՄԵՂԱՎՈՐ
|
Ա
Հուլիս ամիսն էր։
Թ... քաղաքումը, հետ կես ավուր սաստիկ տոթին, ավելի մարդիկ չէին երևում։ Հարուստները պառկած էին իրանց բախտավոր ապարանքներում։ Խանութպանները, գինևետ ճաշից հետո, քնել էին կրպակների խորքումը։ Անվաստակելի կինտոն միայն, մրգեղենի թաբախը գլխին՝ ընդհատում էր փողոցների խուլ-մելամաղձական լռությունը, կոչելով «չերեշնի՛,—վիշնի՛ի՛— հա՜յ»։
Այդպիսի դատարկացած փողոցների մինի միջից շտապով սահում էր ճանապարհորդական կառքը։ Նա կանգնեցավ բավական մեծաշեն տան հանդեպ։ Կառքից դուրս թռավ մի բարձրահասակ երիտասարդ, սևացած ճանապարհի փոշուց, և անհամբերությամբ սկսավ քարշել դռան զանգակը։ Դռները բացվեցան։ Երիտասարդը ներս մտավ։ Սանդուխների վրա փաթաթվեցավ նրա վզին մի լղարիկ և ցամքած կին. «Ա՜խ, Միշա» կոչելով՝ ուրախությունից նա թուլացավ երիտասարդի գրկի մեջ։
Որդու կարոտությունով երկար տարիներ հալումաշ եղած այդ կինը, երիտասարդի մայրը, Մարիամն էր։ Իսկ եկվորը էր նրա որդին՝ Միքայել Բաքոսյանը։
Երիտասարդը ձեռքը տված փոքր ի շատե սթափված մորը, մտավ նրա հետ դահլիճը։