Նա դնում է իր որդին ավանակի վրա, ման է ածում երկրից երկիր, ցույց է տալիս աստուծո մոր սքանչելիքը, շարժում է, մարդկանց մեջ երկյուղ և ջերմեռանդություն,— փող է հավաքում…
Հիշյալ հիվանդությունները ունեցող թշվառները կոչվում էին «տիրամոր խեղճեր»։ Դրանց ման ածելը ժողովրդի մեջ՝ սարսափ էր տարածում և ավելի էր շարժում տեսնողների հավատքը դեպի վանքը, և հետևապես բազմացնում էր ուխտավորների թիվը։ Այս պատճառով վարդապետները ամենևին չէին արգելում մղդսիների խաբեությունները, որովհետև նրանց հետ կապակից էին վանքի ջահերը։
Հայերի մեջ անեծք է դարձել ասելը — «տիրամոր յարան (խոցը) ընկնի քո վրան»։ Եվ առանց սարսափելու ոչ ոք չէ հիշում Կորդվաց լեռների սուրբ աստվածածինը…։ Նա վրեժխնդիր է և խստասիրտ…
Ես էլ այն ժամանակ նույն մոլորության մեջն էի, ես էլ տոգորված էի նույն սնահավատության ախտով…։ Ես էլ հավատում էի այս բոլորին…։ Բայց երբ կարդացի Հայոց Պատմությունը, այն ժամանակ հասկացա, որ տիրամոր վանքի այս ավանդությունները և սովորությունները խիստ խորին կապ ունեին մեր պատմական անցյալի հետ, այն ժամանակների հետ, երբ Ներսես մեծը Տիրանի որդի Արշավի օրերով Հայաստանում հիմնեց բազմաթիվ վանքեր, նրանցից շատերը ծառայում էին որպես բորոտների և հաշմանդամների պատսպարաններ։ Ժողովրդից հեռացրած այդ ախտավոր հասարակությունը ապրում է աոանձին վանքերի մեջ, ուր նրանց խնամք էին տանում։ Բայց այդ մարդասիրական սովորությունը, ժամանակների հետ փոխվելով, ստացավ բոլորովին ուրիշ նշանակություն, և ժողովրդի սնահավատությունը տվեց նրան մի այլ կերպարանք։ Բայց 15 դար առաջ, այսինքն Ներսես մեծի օրերով, այսպիսի հիմնարկությունների նպատակը բոլորովին ուրիշ էր, բոլորովին մարդասիրական էր։
Տիրեց մթին գիշեր։ Ուխտավորներից ոչ ոք դեռ քնած չէ։ Վանքի շուրջը րնդարձակ տարածություն պատած է վրաններով, նրանց առջևից քարշ ընկած գույնզգույն լապտերները տալիս են այն ընդհանուր լուսավորությանը կախարդական բնավորություն։ Վրանների ամեն մեկի մեջ զետեղված են ուխտավոր գերդաստաններ, իսկ շատերը մնացել են բացօթյա, իջևանելով բաց երկնքի տակ։ Այս խառնիճաղանջ ամբոխի մեջ կարելի էր գտնել ամեն երկրի հայեր, սկսյալ Փոքր Ասիայից մինչև Պարսկաստան,