մինչև Արարատի գավառները։ Իսկ Հաղբակա, Վանա, Մուշի, Բաղեշի բնակիչների մեծ մասն այնտեղ էին։
Ես դուրս եկա մեր վրանից տեսնելու, թե սալմաստեցիներից ովքեր էին եկած։ Մարոն ցանկություն հայտնեց ինձ հետ գալու։ Մարգարիտը և Խաթունը չափազանց հոգնած էին, մնացին վրանում։ Փոքրիկ Սալբին արդեն քնած էր։ Երկար ես ման էի գալիս Մարոյի հետ ուխտավորների բանակի մեջ։ Ամեն տեղ շարժողություն կար, խառնվում էին, ամբոխվում էին, ամեն տեղ լսելի էր լինում երգ, աղաղակ, ծիծաղ, անեծք, աղոթք, և երբեմն մանուկ շրթունքների ջերմ սիրախոսություններ...
Կարդալով վերջին ժամանակներում Հունաստանի պատմության մեջ օլիմպիական, դելֆյան Ապողոնի և սպանդարամետական տոների մասին, միշտ ես հիշում էի իմ ուխտագնացությունը և սուրբ Տիրամոր վանքը։ Ես հիշում էի նրա տոնախմբությունը, ուր սկսյալ խորին հեթանոսությունից, ժողովրդի հոգու մեջ մտած նախապաշարմունքները արտահայտվում էին իրանց բոլոր նախնական կերպարանքով։ Ես երևակայում էի իմ մտքում միշտ մի այսպիսի պատկեր՝ քրիստոնեությունը հայտնված քուրմի զգեստով․․.
Ոչ մի նոր վարդապետություն բոլորովին չէ կարողանում ջնջել, անհետացնել ժողովրդի սրտից այն, որ թողել է անցյալը: Հեթանոսության ծեսերը, արարողությունները, պաշտամունքը դարերով արմատացել էին հայի հոգու մեջ, նրանք միացել էին նրա բնավորության հետ։ Քրիստոնեությունը միանգամով սրբել Հայաստանը հին նախապաշարմունքներից կարող չէր, մինչև ժամանակը և կրթությունը չտար նրան մի նոր ձև և կերպարանք։
Մենք ման էինք գալիս ուխտավորների բանակի մեջ, ուր յուրաքանչյուր քայլում հանդիսանում էր մի նոր տեսարան։ Մարոն լուռ էր․ նա խիստ սակավ էր խոսում։ Նա վազում էր մի տեսարանից մյուսը՝ որպես անհանգիստ թիթեռնիկը թռչում է մի ծաղկից դեպի մյուսը։ Կարծես նրա հետաքրքրությունը ոչ մի բանի մեջ չէր կարողանում բավականություն գտնել. նա բոլորից էլ շուտով ձանձրանում էր։
Մի տեղ՝ աշուղը սազը ձեռին հանդես է մտել, նա իր նվագարանը սեղմած կուրծքին, ածում է, երգում է և պատմում է մի հին վեպ։ Հեքիաթ սիրող բազմությունը, շրջապատած նրան, խորին ուշադրությամբ լսում է և քաջալերում է իր գովեստներով և ընծաներով ժողովրդական վիպասանին։