Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի տեղ հանդես են մտել երկու աշուղներ։ Նրանք մրցություն են անում միմյանց հետ։ Որպես մի զույգ համարձակ մենամարտողներ, տաքացած, բորբոքված կռվում են։ Դա հանճարի և մտավոր ճարտարության կռիվ է։ Նրանցից մեկը երգով առաջարկում է մի հարց, մյուսը պետք է իսկույն պատասխանե նույնպես երգով։ Երկուսի երգեցողության հանգերը չափերը և եղանակը պետք է միաձև լինեն։ Հարցը և պատասխանը կատարվում է զարմանալի արագությամբ, հանպատրաստից։ Նա հաղթված է համարվում, երբ պատասխանում է անճիշտ կամ խիստ անագան։ Հաղթողը խլում է իր հակառակորդի սազը, մուղաների նրան պարգևած քնարը — դա բանաստեղծի մրցանակն է։

Ես հետո շատ անգամ մտածում էի, երբ մինչև այսօր վանքերի տոնախմբությունների ժամանակ հայտնվում են աշուղները, որպես ժողովրդական բանաստեղծներ, ցույց տալու իրանց հանճարը և մրցանակ ստանալու,— չէ՞ որ դա միևնույն հին սովորությունն է, որ մնացել է կռապաշտական դարերից, երբ մեր երգիչները հայտնվում էին մեհենական տոներում։ Բայց ո՞րտեղ մնացին նրանց ստեղծագործության պտուղները։

Մի այլ տեղ սազանդարներն ածում են զուռնա և նաղարա։ Նրանք կանգնած են տափարակի վրա։ Այնտեղ հավաքվել է զվարճասեր բազմությունը։ Պար են բռնել․ դա կոչվում է յալլի կամ գուանդ։ Տղամարդիկ, կանայք և աղջիկներ, միմյանց ձեռքից բռնած, կազմել են մի բոլորակ շղթա։ Նվագածուները կանգնած են բոլորակի կենտրոնում։ Խայտաճամուկ շղթան պտտվում է նրանց շուրջը։ Կնիկների երեսները քողարկած են, իսկ աղջիկներինը բաց են։ Մի տղամարդ, գույնզգույն թաշկինակը ձեռքում, դրոշակի նման փռփռացնելով, տանում է պարագլուխը։ Նա սկսել է մի ջանգյուլում և ամեն անգամ երգում է մի տուն, ամբողջ խորը կրկնում էր նրա խոսքերը։

Իսկ երբեմն երգում են հերթով։ Այն ժամանակ մրցություն է լինում տղամարդերի և աղջիկների մեջ։ Նրանք պատասխանում են միմյանց զանազան սրախոսություններով։

Պարի եղանակը կամ ձևը պահպանվում էր ոտքերի զանազան տեսակ շարժվածքներով։ Երբեմն շղթայի բոլորակ շարքը ստանում է ոլոր-մոլոր ձև, այն ժամանակ կազմվում է մի կատարյալ լաբիրինթոս։ Բայց երբեք խաղացողները չեն խառնվում միմյանց։

— Կուզե՞ս մենք էլ պար բռնենք,— հարցրի Մարոյից։

— Չէ՛, գնանք ուրիշ բաներ մտիկ անելու,— պատասխանեց նա։