Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատառելով խառնված ամբոխը, մենք անցանք վանքի գավիթը․ այստեղ հանդիսանում էր մի այլ տեսարան։

Մարոն սարսափեցավ։

Այստեղ բազմությունը շրջապատել էր մի նորահարս կնոջ, որ ուշաթափ եղած, մոլեգնաբար թավալվում էր գետնի վրա։ Նրա բերանը փրփրում էր, աչքերը վառվում էին վայրենի կրակով․ մարմնի անդամները դողդողում էին, և կատաղի կերպարանքը ցույց էր տալիս, որպես թե նա տանջվում է մի աներևույթ զորությունից։ Նա երբեմն իր դողդոջուն շրթունքի միջից արձակում էր խուլ, մթին և անկապ խոսքեր։

Նրան կոչում էին «ընկավոր»։

Մի վարդապետ փոքրիկ խաչը ձեռին կանգնած էր «ընկավորի» մոտ։ Նրա մորուքի և շրթունքի ցնցողությունից երևում էր, թե աբեղան աղոթում է։

«Ընկավորը» կրկին ուշաթափ եղավ, մտավորապես հափշտակվելով մի վերին ազդեցությունից։ Քանի րոպե նա մնաց անշարժ։ Եվ ապա սկսեց արձակել խորին հառաչանքներ, արտասանել կցկտուր բառեր և կոչել հրեշտակների, դևերի, սատանաների, սուրբերի անուններ։

Վարդապետը դրեց «ընկավորի» բերնում փոքրիկ խաչը։ Նա ագահ ախորժակով խաշը ներս է կլանում։ Քանի րոպեից հետո վարդապետը ձգում է շղթայից, որին կապված էր փոքրիկ խաչը և դուրս է քաշում։

«Ընկավորը» փոքր-ինչ սթափվում է։ Բայց տակավին նրա երեսը զարհուրելի է և աչքերն արտահայտում են սարսափելի վրդովմունք։

Վարդապետը դարձյալ նրա բերնումն է դնում խաչը և այս գործողությունը կրկնվում է երեք անգամ։

«Ընկավորը» բավականին զգաստացած, ձայն է տալիս։

— Վանեցի Շուշան-Խաթունը թող այստեղ հրամայե, «աղան» (աստվածամայրը) կանչում է։

Շուտով երևան է լինում Շուշան-Խաթունը լի ահ ու դողով։ Դա մի հարուստ վաճառականի կին է, որ ավելի քան տասն տարի ամուսնացած լինելով, տակավին զավակ չունի։

«Ընկավորը» սկսում է բարբաջել.

— «Եղիսաբեթն ավետիս տվեց․․․ կույս Մարիամը հղացավ..․ Գաբրիելը ուրախացավ... որդին արգանդումը ցնծացավ... Ո՞վ է, որ բաց է անում ամլության կապը..․ սուրբ տիրամայրն է այն.․․։