Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոհացեք, ժողովուրդներ...։ Ուրախ եղեք, ուխտավորներ.․.։ Աստուծո ատյանը բացվել է... Լույսը վերևից կաթել է...։ Երանի՜ տեսնողին․.․ երանի՜ լսողին...»։

Վարդապետը սկսում է բացատրել «ընկավորի» խոսքերը․ ասում է Շուշան֊Խաթունին, թե «աղան» այսինքն՝ աստվածածինը, ընդունեց նրա խնդիրքը, թե նրա ամլության կնիքը ջնջվեցավ, և նա կծնե մի որդի, որը մինչև յոթը տարի պետք է նվիրված լինի վանքին, ամեն տարի նրա տոնախմբությունների Ժամանակ կատարելով տիրամոր ուխտագնացությունը և ողորմություն տալով նրա «խեղճերին»։

Շուշան֊Խաթունը ուրախանում է և արձակելով իր պարանոցեն ծանրագին շղթան, զարդարած ոսկի դրամներով, ձգում է «ընկավորի» առջևը։

Մարգարե կինը դարձյալ ընկնում է մտավոր հափշտակության մեջ։ Նրա բերանը սկսում է փրփրել․ երեսի վրա երևում են զարհուրանքի նշաններ։ Նա մրմնջում է, որպես թե խոսելով մի աներևույթ էակի հետ։ Վարդապետը գործ է դնում խաշի ներգործությունը։ Նա փոքր֊ինչ ուշի գալով, ձայն է տալիս.

— Մշեցի Գրիգոր աղային կանչեցեք։

Հայտնվում է Գրիգոր աղան։

«Ընկավորը» կարդում Է պատգամը.

— Անարժանի վարձն Է դաժան... Սև հավեր, կարմիր կատու... նա թո՛ղ լինի ինձ վարձատու...։ Քո սիրտն ի՞նչու չէ ցնծում... չցանած տեղից դու չես հնձում...։ Ալաք... բալաք... ա՛ռ... չորս կողմը զառ... մեջն աբրեշում... Գնա բե՛ր... Ուրախացիր...։

Վարդապետը բացատրեց պատգամախոսի գուշակություններն այսպես.

— «Ուրախացի՜ր»... վերջն էլի լավ եկավ, վերջն ուրախություն է։

Եվ նույն րոպեում աբեղայի խորամանկ դեմքի վրա երևաց մի կեղծ ժպիտ։ Նա շարունակեց.

— «Ալաք, բալաք» նշանակում է գույնզգույն կամ զոլ-զոլ, այսինքն՝ կերպաս, աբրեշումի կերպաս, եզերքը զառով զարդարած։ Դա տաճարի վարագույրն է։ «Աղան» պահանջում է ձեզանից,— աբեղան դարձավ դեպի մշեցի Գրիգորը։— Դուք այսուհետև կուրախանաք, ձեր խնդիրքը կկատարվի։ «Աղայի» տաճարի վարագույրը հնացել է։