Գուշակությունները մինը մյուսի ետևից շարունակվում էին։ Զարմանալին այն էր, որ «աղան» իր պատգամախոսի բերանով կոչում էր ամեն երկրից եկած նշանավոր և հարուստ ուխտավորներին։ Իսկ նրանք խորին երկյուղածությամբ լսում էին իրանց դատավճիռը։
Հետո գուշակողը ընկնում է բոլորովին ուշագնացության մեջ։ Վարդապետները տանում են նրան, հավատացնելով, թե նույն գրության մեջ նա կմնա մի քարայրի մեջ մինչև վանքի գալոց տոնախմբության օրը։
— Խե՜ղճ,— ասաց Մարոն,— ի՜նչպես պետք է մնա այնտեղ, բա չի՞ մեռնի։ Ֆարհատ, ես կուզեի, որ «ընկավորը» մի բան էլ ինձ համար ասեր։ Դու չե՞ս հավատում։
— Հավատում եմ,— պատասխանեցի ես։
Իրավ որ, հավատում Էի։ Իսկ եթե Մարոն ա՛յժմ հարցներ ինձանից, նրան կասեի՝ այն ժամանակ, երբ մարդիկ կուռք էին պաշտում, Պյութիաս քրմուհին, իր եռոտանիի վրա կանգնած, այսպիսի պատգամներ էր կարդում։ Դա ևս Հայաստանի հեթանոսական դարերից մնացած հին սովորություն է։
Մենք անցանք եկեղեցական մարգարեությունից դեպի Ժողովրդական մարգարեությունը։
Հեռու, մի քարաժայռի վրա, նստած էր փոքրիկ աղջիկ։ Նրա նիհար և բարակ երեսը, օծված ընկույզի յուղով, փայլում էր ջահի լուսով, որ վառվում էր նրա մոտ։ Նա հագած ուներ մի տեսակ խայտաճամուկ և կախարդական զգեստ։ Մանուկ օրիորդների բազմությունը շրջապատել էր նրան։ Նա նույնպես գուշակում էր։
Մենք մոտեցանք։
— Դա այն աղջիկն է,— ասաց Մարոն։
— Հյուբբին։ Այսպես կոչում են նրան։
Հյուբբին ճանաչեց թե ինձ և թե Մարոյին։
— Եկեք, գուշակեմ ձեզ համար,— նա դարձավ դեպի մեզ ժպտելով։— Ձեզանից փող չեմ առնի։
— Ե՞րբ եկար այստեղ։ Ո՞ւր է քո մայրը,— սկսեցի ես շփոթեցնել նրան զանազան հարցերով։
Դեռ նա պատասխան չտված, հայտնվեցավ Սուսանը, կասկածավոր կերպով նայեց իմ երեսին, մռմռաց դեպի Հյուբբին մի քանի անհասկանալի խոսքեր։ Փոքրիկ վհուկը վայր թռավ ժայռից, որի վրա նստած էր, և երկուսը միասին անհայտացան գիշերային խավարի մեջ։