— Ինչո՞ւ նրանք փախան, երբ տեսան մեզ,— հարցրուց Մարոն։
— Չեմ իմանում։ Պառավ կախարդը միշտ զգուշանում է, որ Հյուբբին ինձ չհանդիպե,— պատասխանեցի ես։
— Իստա՜կ սատանա է այդ աղջիկը,— ասաց Մարոն։
— Նա հավատացնում էր, թե իր մայրը գողացել է նրան դևերի օրորոցից,— մեջ մտավ մի աղջիկ, որ կանգնած էր մեզ մոտ։— Դրուստ է ասում, եթե դևիկ չլինի, մի այնքան պստիկ երեխան կարո՞ղ է ամեն բան գիտենալ։ Նա ասաց ինձ բոլորը, ինչ որ կար իմ սրտում, ինչ որ ես արել էի...
Երբ հեռացանք բազմությունից, Մարոն ինձ ասաց.
— Կամ Կարոն, կամ նրա ընկերներից մեկն այստեղ պետք է լինի։
— Դու ինչի՞ց ես իմանում։
— Այդ կախարդ կինը և փոքրիկ վհուկը միշտ հետևում են նրանց։ Որտեղ որ Կարոն լինում է, դրանք այնտեղ իսկույն հայտնվում են։
— Ես չեմ հասկանում, Կարոն և իր ընկերներն ի՞նչ գործ ունեն այդ բոշաների հետ։
— Ես էլ չեմ հասկանում,— պատասխանեց Մարոն։— Բայց մի բան ասեմ քեզ, Ֆարհատ, այն փոքրիկ վհուկը, որին կոչում են Հյուբբի, հայերեն խոսում է և խոսում է ինչպես մի հայ։
— Բոշաներն ամեն լեզվով խոսում են։
— Դա նրանց նման չէ։ Մի անգամ ես ասեցի՝ Հյուբբի, ե՛կ մեր տանը մնա՛, ես քեզ կպահեմ, ինձ քույր կշինեմ։ Նա ինձ ասաց, «չէ, ես մորս մոտ պիտի գնամ, մայրս ինձ շատ է սիրում»։ Այս խոսքերը նա ասաց հայերեն լեզվով, բայց պառավը հենց որ լսեց, բարկացավ, շուտով հեռացրուց Հյուբբիին։
— Նա մի կորած մայր է պտռում, Մարո, բայց ո՞րտեղ է, հայտնի չէ, խեղճը միշտ հիշում է նրան։
— Այդ ես էլ իմանում եմ,— պատասխանեց Մարոն։
Դառնալով դեպի մեր վրանը, մենք անցանք «փորձության ձորի» միջով։ Այնտեղ էր «վիճակի մայոր»։ Նա կոչվում էր «վիճակի ժայռ» այն պատճառով, որ նրա վրա ուխտավորները փորձում են իրանց բախտը։ Նրանցից յուրաքանչյուրը մոտենում է ժայռին, առնում է գետնից քարի փոքրիկ կտոր և կպցնում է ժայռին։ Եթե քարի կտորը մնա նրա վրա կպած, նշանակում է, որ նրա ուխտը