Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունելի է եղած։ Իսկ եթե պոկ գալով, քարը վայր ընկավ, վիճակափորձը տխուր դեմքով հեռանում է խորհրդական ժայռից։

Մարոն մոտեցավ փորձելու իր բախտը, բայց այնքան բազմություն թափված էր այնտեղ, որ չկարողացավ տեղ գտնել։ Մենք թողեցինք այդ մի ուրիշ ժամանակի։

ԼԴ

ԲՈՂՈՔ ՎԱՆԱԿԱՆ ՍՐԲՈԻԹՅԱՆ ԴԵՄ

Գիշերից բավական անցել էր, երբ դարձանք մեր վրանը։ Պառավ Խաթունը անքուն պահապանի նման հսկում էր։ Մարգարիտը քնած էր, փոքրիկ Սալբիին սեղմած ունենալով իր գրկում։ Քնի մեջ նա մոռացել էր իր քողը, երեսը մնացել էր բաց։ Պառավը տեսնելով իմ ներս մտնելը, նրա երեսը ծածկեց։ Մարոն սկսեց ծիծաղել, որ ոչ սակավ բարկություն պատճառեց պառավի մեջ։

— Դու ոչ այն ես իմանում, ոչ ամոթը, Մարո, միայն աստված գիտե, թե քո վերջն ինչ կլինի․․․— ասաց նա ծանր կերպով։

Մարոն ժպտաց և ոչինչ չպատասխանեց։

Մարոն թեև խոստացավ, թե կաշխատե, որ ճանապարհին Մարգարիտին խոսացնե ինձ հետ, կամ նրան իր երեսը բաց անել կտա ինձ մոտ, բայց հնար չեղավ. Մարգարիտը մնաց ինձ համար միշտ լուռ և վարագուրյալ կուռք։

Առավոտը պետք է լուսացներ տիրոջ կյուրակեն — տոնի մատաղ կտրելու օրը։ Ահա այդ պատճառով, կեսգիշերից սկսած, ամեն մի ուխտավորի վրանի առջև, գետնում փորած հնոցի մեջ, վառվում էր կրակ, և նրա վրա դրած կաթսայի մեջ եփ էր գալիս մատաղի խաշլաման։ Շոգին կաթսաների արտաշնչությունից լցրել էր օդը ախորժ֊բարեպաշտական հոտով։ Մի քանի տեղերում դեռ նոր էին մորթում զոհերը։ Վանքի մղդսիները փութաջան եռանդով պտտում էին ուխտավորների բանակի մեջ, կատարելու նրանց պահանջները։ Մղդսիներն էին վաճառում մատաղացու ոչխարները և մատուցանում էին ուխտավորներին ինչ որ նրանց պետք էր։ Եվ դրանց մեջն էր վանքի սպասավորների օգուտը։ Ամեն մի կտրած մատաղի ազդրը մղդսիների սեփականությունն էր, իսկ մորթը պատկանում էր վանքին։ Եվ վարդապետների թիվը մղդսիներից պակաս չէր, որոնք հավաքում էին մորթերը։