Պառավ Խաթունը վաղուց գնել էր մեր մատաղացու ոչխարը, մի սպիտակ, անարատ խոյ։
— Ի՞նչ եղավ, ուշացավ վարդապետը,— ասում էր անդադար պառավը։— Չեկավ, որ աղը օրհնե։
— Ի՞նչ պետք է օրհնած աղը,— հարցրի ես։
— Կարծես, հայ-քրիստոնյայի տղա չլինի,— պատասխանեց պառավը կծու կերպով.— այսքանն էլ չէ իմանում, բայց հինգ տարի վարժատուն է գնացել, գիրք է կարդացել...
Մարոն ասաց՝ թե օրհնած աղը նրա համար է, որ ուտացնում են մատաղին, նախքան նրան զոհելը։
Վերջապես հայտնվեցավ վարդապետը։ Նա այնքան զբաղված էր, որ հազիվ ժամանակ ունեցավ առնել իր ափի մեջ մի քիչ աղի փշրանք, որը մոտեցրուց իր բերանին, անլսելի ձայնով փնթփնթաց նրա վրա մի քանի խոսքեր — իհարկե աղոթք պետք է լիներ — և ապա տվեց աղը պառավ Խաթունին։ Պառավը առեց աղը, վարդապետի աջը համբուրելով, և միևնույն ժամանակ կոխեց նրա ափի մեջ մի բան։ Վարդապետը շնորհակալություն հայտնեց, օրհնեց և հեռացավ, ասելով՝ «ընդունելի մատաղ լինի, սուրբ աստվածածնի օրհնությունը ձեզանից անպակաս լինի» և այլն։
Աղն ուտացրինք ոչխարին, խեղճ անասունը այնպես ախորժանոք կերավ, ամենևին չմտածելով, թե այնուհետև որպիսի դառն վիճակ էր սպասում նրան։
Թեև ես երկար թափառեցի ուխտավորների բանակի մեջ, բայց տակավին իմ նպատակին հասած չէի․ սալմաստեցիներից ոչ մեկին չտեսա։ Վանքի մղդսին հայտնեց՝ թե նրանց քարավանը իջևանել է բլուրի մյուս կողմում, որովհետև սալմաստեցիք, ուխտավորների վերջինները լինելով, վանքի մոտակայքում տեղ չգտան։ Երբ ես տվեցի նրան երկու ղուրուշնոցը, նա հանձն առավ տանել ինձ և ցույց տալ նրանց տեղը։
Եվ իրավ, յուրաքանչյուր երկրի ուխտավորների քարավանը իջևանել էր մի առանձին տեղում։ Ամբողջ կես ժամ մենք անց էինք կենում այն ընդարձակ և խուռն բանակի միջով, դեռ վերջ չկար։ Բայց մղդսի Թորոսը — այսպես էր իմ առաջնորդի անունը — դեռ գոհ չէր վանքի այն տարվա «հունձքով»՝ նա գտնում էր ուխտավորների թիվը շատ պակաս, անցյալի հետ համեմատելով։
— Վատացա՜ն ժամանակները, աղա,— ասում էր նա խորին կերպով հոգվոց հանելով։— Առաջ լա՛վ էին տարիները․ կտեսնեիր, այստեղ սար, ձոր, դաշտ, ասեղ գցելու տեղ չկար, ամենը