Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բռնած կլիներ ուխտավորներով։ Հիմա նրա կեսը, կեսի կեսը չկա։ Էլ ինչո՞վ պետք է ապրես։ Տասներկու գլուխ քուլֆաթ կա իմ տանը, ամենից պստիկը հինգ տարեկան է։ Հաց կուզեն, հալավ կուզեն, ո՞րտեղից բերես։ Ինչ էլ որ ուխտավորներից ձեռքդ է գալիս, մեծ բաժինը մեր հայր սուրբերը խլում են․ թե չտաս, վանքի գյուղից դուրս կանեն։ Ի՞նչ պետք է անես նրանից հետո․․․

Մի քանի րոպե տխուր լռությունից հետո մղդսին շարունակեց․

— Իմ տղերքը իմ բախտից բոլորն էլ մարմնով ողջ դուրս եկան, գոնյա մեկն էլ «խեղճ» չեղավ, որ հոր դարդին դարման աներ․․․

Ես սարսափեցա, լսելով հոր մի այսպիսի անգութ ցանկությունը, որով կամենում էր, որ իր զավակներից մեկը «խեղճ» լիներ, այսինքն սուրբ աստվածածնի հրեշավոր ախտավորներից մեկը լիներ, մարմնով այլանդակված, որ կարողանար «հոր դարդին դարման անել»․․․

— Դու կուզեի՞ր, որ մեկը «խեղճ» լիներ,— կտրեցի ես մղդսու խոսքը։

— Ի՞նչպես չուզես, աղա։ «Խեղճին» ամեն անգամ զանազան երկրներ պտտացնելիս, կտար ինձ ավելի քան հինգ հարյուր ղուրուշ․ դա բավական էր իմ տանը մի տարվա համար։ Հիմա ի՞նչ բանի են պետք մեկելները, որ ողջ են, որ ձեռք և ոտք ունեն։ Նրանցից խեր (օգուտ) չկա...

— Ի՞նչու ես դու ցանկանում, որ «խեղճը» անպատճառ քո որդիներից մեկը լիներ․ այս վանքում խո շա՞տ կա, որին ուզենաս կարող ես տանել, ման ածել և փող հավաքել։

— Կարող եմ։ Բայց դու կարծում ես, որ մեր հայր սուրբերն իրանց հոր հոգու համար կտա՞ն ինձ «խեղճին» ման ածելու։ Չէ՛, եղբայր։ Դրա համար նրանք կվերառնեն ավելի՝ քան թե ես կհավաքեի։ Ինձ կմնար իմ չարչարանքը։ Օրինակ քեզ, մղդսի Հակոն այս տարի տարավ «խեղճերից» մեկին Վանա երկրում ման ածելու․ նա բերեց հազար ղուրուշից ավելի․ բայց հարյուր ղուրուշ չմնաց իր ձեռքում։ Բայց երբ «խեղճն» իմ մսից և արյունից կլինի, այն ժամանակ վարդապետները չեն կարող պարպել իմ քսակը․․․

Այժմ հասկանալի էր ինձ մղդսու ցանկությունը․ նա կամենում էր շահվել իր «խեղճից», որպես իրան պատկանող սեփականությունից, և չէր ուզում վարձել վարդապետներից իր համար անօգտավետ պայմաններով։ Թողյալ այդ, ես մղդսի Թորոսի խոսքերի մեջ նկատում էի ոչ միայն բողոք դեպի վանական աբեղաների հարստահարությունը այլ մի դառն ատելություն դեպի նրանց