Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԼԴ

ԿՐԿԻՆ ՀԱՆԴԻՊՈԻՄՆ

Մեծ եղավ իմ ուրախությունը, երբ սալմաստերի ուխտավորների թվում գտա իմ մորը և քույրերիս։ Նրանք եկել էին իմ քեռի Պետրոսի հետ, որը իր ընտանիքով նույնպես ուխտ էր եկած։ Մորս վրանը կազմված էր քեռուս վրանին կից։ Իմ հայրենակիցներից մեկը ինձ այնտեղ տարավ։

Մինչև այնօր երբեք չէր պատահել ինձ այնպես ջերմ կերպով զգալ մայրական սերը և քրոջ սրտի գորովական քնքշությունը, որպես այն րոպեում, երբ ես գտա իմ մորը և քույրերիս։ Սկզբում նրանք մնացին բոլորովին ապշած, խոսք չէին գտնում խոսելու, և իրանց կարոտությունը հայտնում էին համբույրներով, գրկախառնությամբ և արտասուքով։ Ես էլ չկարողացա պահել իմ սրտի զեղմունքը, և իմ աչքերում հայտնվեցավ արտասուք։

— Փա՜ռք քեզ, աստված, չմեռա և կրկին տեսա որդուս... քեզ մատաղ, բալաս... Ի՞նչպես դու թողեցիր մեզ, իմ աչքի լույս... ես ո՞վ ունեմ բացի քեզանից, Ֆարհատ ջան, դու որ չլինես, ինձ թող տանեն ողջ-ողջ գերեզմանը դնեն... Ի՞նչ էի արել քեզ, Ֆարհատ ջան, ինչո՞ւ հեռացար մեզանից...

Այսպես մրմնջում էր մայրս, մերթ ուրախանալով և մերթ լալով, իսկ քույրերս, Մարիամը և Մագթաղը չէին ուզում ինձ բաց թողնել իրանց գրկից։

Մայրս եկած էր ուխտ, որպես հիշեցի, իմ քեռի Պետրոսի ընտանիքի հետ։ Այդ մարդն իմ հոգևոր հայրն էր, միևնույն ժամանակ մեր թաղի տանուտերը։ Քեռի Պետրոսը Սալմաստի մեջ համարվում էր շատ փորձված, խոհեմ և խելացի մարդ, նա նշանավոր էր իր երկար ճանապարհորդություններով զանազան երկրներում։

— Ո՞ւմ հետ ես եկել, Ֆարհատ,— հարցրուց մայրս։— Դու ի՞նչ գիտեիր, որ մենք այստեղ ենք։

Ես պատասխանեցի, թե եկած եմ որսորդ Ավոյի ընտանիքի հետ, հայտնեցի՝ թե ովքեր են նրանցից եկածները։ Մարիամը և Մագթաղը շատ ուրախացան, երբ լսեցին, թե Մարոն էլ ուխտավորների թվումն է։

— Ֆարհատ ջան, տար մեզ տեսնենք Մարոյին,— ասաց Մարիամը։