— Դու խո կթողնե՞ս, մայրիկ, գնանք Մարոյին տեսնենք,— ավելցրուց Մագթաղը։
Ես առաջարկերի և մորս գալ ծերունի որսորդի ընտանիքի վրանը և նրանց հետ միասին լինել մինչև տոնախմբության վերջը։ Մայրս պատասխանեց, թե անհարմար կլիներ քեռի Պետրոսի ընտանիքից բաժանվել, գուցե կվիրավորվեին նրանք։ Բայց երեխերքը, որ ցանկանում էին Մարոյին տեսնել, կարող էին գնալ, միայն պետք է գիշերը չմնան նրանց մոտ, այլ շուտով վերադառնան» իսկ ինքը առավոտյան պատարագից հետո կգա Խաթունին և Հասոյի նշանածին տեսնելու։ Եվ ավելցրուց, թե ինքը միշտ գոհ է եղել ծերուհի որսորդից, և համարում է որսորդին շատ բարի մարդ. և նա փոքր-ինչ հանգիստ էր իմ մասին նրանով միայն, որ գիտեր, թե ես գտնվում եմ որսորդի տանը։
— Դու ո՞րտեղից գիտեիր, մայրիկ։
— Ինքրը որսորդը մարդ էր ուղարկել ինձ մոտ, քո մասին իմացում տալու։
— Եվ դու գիտե՞ս, թե ինչպես հայտնվեցա ես այնտեղ։
— Կարոն քեզ տարավ։ Ես բոլորը գիտեմ․․․
Վերջին խոսքը արտասանելու միջոցին մորս ձայնը դողաց։ Չգիտեմ ինչո՞ւ Կարոյի անունը նրան վրդովմունք պատճառեց։
— Կարոն շատ լավ տղա է, մայրիկ։
— Լավ է, բայց.․․ Թող մնա, ես հետո կխոսեմ նրա մասին...
— Հայտնվեցա՜վ փախստականը,— լսելի եղավ քեռի Պետրոսի որոտացող ձայնը, որ նույն միջոցին ներս մտավ մորս վրանը, ուր նստած էինք մենք։
Ես կանգնեցա, և պահպանելով այն ժամանակի քաղաքավարության ձևը, համբուրեցի քեռուս ձեռքը։ Նա համբուրեց իմ ճակատը և նստեցրուց իր մոտ։
Քեռի Պետրոսը գտնվում էր իր հոգու խիստ ուրախ տրամադրության մեջ. ինձ երևաց, որ նա փոքր-ինչ հարբած էր։ Նա տարել էր իր գերդաստանը ման ածելու և դառնում էր զբոսանքից։ Նա դարձավ դեպի ինձ այսպիսի անկապ խոսքերով․
— Ի՞նչ ես շինում դու, լա՞վ ես, ի՞նչ է անում հին աղվեսը․.. մարդիկ այստեղ հոգու համար են գործում, իսկ «նա» այնտեղ եզիդիների իշխանի մոտ, աստված ոչ գիտե, ի՜նչ սատանայական որոգայթներ է լարում... և իր «ճտերին» երկրի զանազան կողմերն է ուղարկում... Ինչի՞ համար, ի՞նչ դուրս կգա այս