— Բայց թող քույրերս այս գիշեր մնան ինձ մոտ,— խնդրեցի մորիցս։
— Հա՛, մայրիկ, մենք կմնանք Մարոյի մոտ,— ասաց Մարիամը։
— Լավ, մնացեք,— ասաց մայրս,— և կրկին ինձ համբուրելով, ճանապարհ դրեց։
Երբ փոքր֊ինչ հեռացանք սալմաստեցի ուխտավորների իջևանից, ես քույրերիցս հարցրի, թե մեր քաղաքացիներից ո՞վքեր են եկած։
Նրանք հայտնեցին մի քանի անուններ, իսկ Մարիամը ավելացրուց.
— Գիտե՞ս, Ֆարհատ, Սոնան էլ եկել է մեզ հետ. նրա հայրն էլ, եղբայրն էլ եկել են։ Հիմա ի՞նչ կասի, երբ որ տերտերը քեզ կտեսնե։
— Ինչ պետք է ասի,— պատասխանեց Մագթաղը ծիծաղելով։ — Կբռնե ականջներիցը ձիգ կտա ու կասե՝ Ֆարհատ, ինչո՞ւ փախար վարժարանից։
— Նա չէ կարող, հիմա ես նրա ականջներից ձիգ կտամ,— պատասխանեցի ես։
— Վա՜յ, մեղք չէ՞, ախար նա տերտեր է։
— Ֆարհատը հանաք է անում,— խոսեց Մարիամը։
— Սոնան գիտե՞, որ այստեղ եմ,— հարցրի ես։
— Նա չէ իմանում, նա այսօր առավոտյան ինձ ասում էր՝ «էրնե՜կ Ֆարհատն այստեղ լիներ»։— Նա շատ ուզում էր քեզ տեսնել։ Ինչո՞ւ էր ուզում, Ֆարհատ,— հարցրուց Մարիամր։
— Չեմ իմանում... Բայց ո՞րտեղ են վեր եկել նրանք։
— Չտեսա՞ր դու, նրանց չադրը կպած էր մերին։ Նրանք էլ քեզ չտեսան, չեմ իմանում, ուր էին գնացել, այնտեղ չէին,— ասաց Մարիամը։
Քույրերս պատմեցին մեր քաղաքից մի քանի նորություններ, որոնց թվում հայտնեցին և վարժապետիս կնոջ՝ ողորմելի Գյուլ- Ջհանի մահը։ Ես մի կողմից ուրախացա, որ խեղճ կինը ազատվեցավ իր տանջանքներից, որով չարչարվում էր նա այնքան շատ տարիներ, խիստ հազիվ բաժանվելով հիվանդության մահճից։ Բայց ինձ վրա խիստ տխուր տպավորություն գործեց, երբ Մագթաղը ասաց, թե մեր քաղաքում այնպես լուր էր տարածվել, իբր թե տերտերակնոջ մահվան պատճառն եղել է տեր հոր սաստիկ ծեծը, որին արժանացրել էր քահանան իր կնոջը նրա մահվանից