Էջ:Raffi, Collected works, vol. 4 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուրբ տիրամոր տոնախմբությունը մի կատարյալ տոնավաճառ էր, ուր գլխավորապես երկու դաս վաճառականներ հանդես էին հանել իրանց մթերքը և կարծես, աննկատելի կերպով միմյանց հետ մրցություն էին անում։

Վաճառականների մի դասը բաղկացած էր վանեցի առևտականներից, իսկ մյուսը՝ վանքի աբեղաներից։

Վանեցին դարսել էր հրապարակի վրա զանազան տեսակ մանրուքներ, կանանց հասարակ զարդեր, գույնզգույն փարչաներ, մի խոսքով, այնպիսի խայտաճամուկ ապրանքներ, որոնք կարող էին հրապուրել գնողներին, և մինչև անգամ ամենախնայող ժլատի քսակից դուրս քաշելով մի քանի ղուրուշներ։ Ծախողը կանգնած էր իր մթերքների մոտ և բարձրաձայն գովաբնում էր իր վաճառքի լավ հատկությունները։

Անցնելով վանեցիներից, գալիս է աբեղա-վաճառականների կարգը, և քո առջև բացվում է մի ահագին հիմնարկություն՝ վանքը։ Դա բովանդակում է իր մեջ մի հանդիսարան...

Մտնում ես վանքի գավիթը։ Այստեղ, վանքի դռան երկու կողմերից սկսած, մինը մյուսի մոտ զուգահեռաբար նստած են «խեղճերը»։ Նրանց երկու կարգ շարավծքի միջով բացվում է մի քուչա, որ տանում է դեպի վանքի դուռը։ Նույն քուչայով անցնում են ուխտավորները։ «Խեղճերի» այլանդակված կերպարանքները բերում են անցորդի վրա զարհուրանք, միևնույն ժամանակ լցնելով նրա սիրտը մի պատկառելի երկյուղածությամբ դեպի մեծ աստվածուհու վեհությունը, որ ցույց էր տվել իր նշանները այն թշվառների վրա։

Երբ մենք անցնում էինք «խեղճերի» միջով, մի պատանի, մաշված և գունաթափ երեսով, գեղեցիկ երկնագույն աչքերով, և շեկ-մետաքսանման մազերով, վեր թռավ տեղից և գրկեց ինձ, ասելով.

— Ֆարհատ, ես վախում եմ դրանցից...

Պատանին ցույց տվեց «խեղճերին», որոնց կարգում նստացրել էին և իրան։

Ես ճանաչեցի. նա տեր Թոդիկի որդին՝ Ստեփանն էր։

Մինչև իմ խոսելը, շուտ վրա հասավ աբեղաներից մեկը, որ կանգնած «խեղճերի» մոտ պատմում էր անցորդներին, թե նրանցից յուրաքանչյուրն ինչ հանցանքի համար ենթարկված էր տիրամոր պատժին։ Աբեղան, ինձանից հեռացնելով Ստեփանին, ստիպեց նստել իր տեղը։ Պատանին ողորմելի կերպով նայեց