մեզ վրա և գլուխը քարշ գցեց։ Խե՜ղճ տղա, ընտանիքը, որ անբախտացրել էր նրան, բավական չէր, որ չէր զգում իր բարբարոսությունը, այժմ բոլորովին դուրս էր գցել թշվառ զոհին իր միջից։
Մենք մտանք վանքի մեջ։ Այստեղ տաճարի սուրբ սեղանի վրա կարգով շարած էին՝ արծաթի և ոսկու մեջ պատած սրբոց մասունքներ և զանազան տեսակ մեծ և փոքր խաշեր։ Ուխտավորները հերթով մոտենում էին, համբուրում էին և գցում էին նրանց մոտ դրած թասերի մեջ փողեր։
Համբուրելով սուրբ մասունքները, մենք անցանք երկրպագություն տալու աստուծո մոր գերեզմանին։
Ամեն տեղ դրած են գանձանակի թասերը, որոնց մեջ ուխտավորները գցում են իրանց նվերները։ Աբեղան, կանգնած գանձանակի թասերի մոտ, պատմում է սրբությունների հրաշալի զորությունը, շարժվում է ուխտավորների ջերմեռանդությունը, և ուժ է տալիս նրանց առատաձեռնությանը։
Այս բոլորն ինձ վրա այն տպավորությունը չէր գործում, ինչ որ այժմ գրում եմ. դա վերջին ժամանակներում, շատ տարիներից հետո, հին տպավորությունների այլակերպված արտագրությունն է։ Իսկ այն ժամանակ ես էլ, նախապաշարմունքներով լի, նույն սնահավատ ուխտավորներից մեկն էի։ Ես մինչև այսօր չեմ կարող մոռանալ այն ուրախությունը, երբ Մարոն, տալով ինձ Մարգարիտի ձեռքը, ասաց.
— Հիմա համբուրվեցեք և քույր-եղբայր դարձեք։
Ես և Մարգարիտը միասին համբուրեցինք սուրբ մասունքները և այն օրից ուխտեցինք մնալ միմյանց հետ որպես քույր և եղբայր։ Մարոն համբուրվեց Մարիամի և Մագթաղի հետ, իսկ մայրս պառավ Խաթունի հետ, որ վերջացնելով իր գործը, եկել էր ժամ։
Տիրամոր վանքի ներսի կազմակերպությունը ուներ նույն ձևը, որը տեսնվում է այս կողմերում այն վանքերի մեջ, որոնց շինության հնությունը հասնում է մինչև հինգերորդ դարը, այսինքն՝ տաճարը բաժանված է նախագավիթից, որ կոչում են դարպաս: Ժողովուրդը կանգնած է դարպասի մեջ, իսկ տաճարում կատարվում է ժամերգությունը, այնպես որ, հանդիսականները դպիրներին չեն տեսնում։ Մի դուռ միայն տաճարից բացված դարպասի մեջ, որտեղից պատարագիչը երբեմն դուրս է երևում, խորհուրդը կատարելու ծեսերին համաձայն։