Տաճարի մեջ կատարվում էր սուրբ սեղանի խորհուրդը․ թեև պատարագիչը չէր երևում, բայց ես իսկույն նրա ձայնից ճանաչեցի վարժապետիս՝ տեր Թոդիկին։ Թույլ տալ մի օտարերկրյա քահանայի պատարագ մատուցանել վանքի բեմի վրա, այն ևս մի այնպիսի հանդիսավոր օրում, դա մեծ շնորհ էր վանահոր կողմից դեպի տեր Թոդիկի անձնավորությունը։ Դա ուներ և իր նյութական օգուտը, որովհետև, ո՞րքան բազմաթիվ ձեռքերից նա այնօր նվերներ ընդունելու էր նրանց անունները սուրբ սեղանի վրա «հիշելու» համար...
Այս իրողությունը դարձրուց իմ առանձին ուշադրությունը դեպի տեր Թոդիկը։
Մի այլ երևույթ, որ ոչ սակավ գրավեց իմ ուշադրությունը, այն էր, որ այնտեղ, ուր բեմի վրա շարած էին վանքի սրբությունները համբուրելու համար, վարդապետների թվում կանգնած էր մի քուրդ, և հսկում էր նվերների վրա, որ համբուրող ուխտավորները ընծայում էին։ Մի այլ քուրդ ևս նույն պաշտոնով կանգնած էր տիրամոր գերեզմանի մոտ։
Ինձ ասացին, թե քրդերը Հեյդար աղայի մարդիկն են, որոնք պահպանում են ուխտավորներից նվիրված արծաթը, որ վարդապետները անհավատարիմ կերպով չվարվեն նրա հետ, և աղան կարողանա ամբողջությամբ ստանալ իր մասը, որ նշանակված է նրա համար տոնի եկամուտից։ Եվ ասացին, թե ինքը Հեյդար աղան գտնվում է վանքում և վանահոր մոտ հյուր է։
Ինձ վրա խիստ դառն տպավորություն գործեց, որ քրդի ոտքը անցնում էր մինչև անգամ քրիստոնեական սրբարանի շեմքից, և նա միջամտություն էր գործում եկեղեցականի տնտեսության մեջ։
Մինչ ինձ խռովում էր այս մտածությունը, զգացի, որ իմ ետևից մեկը հանդարտ կերպով փեշս քաշեց։ Շուռ եկա, տեսնեմ Սոնան կանգնած էր իմ մոտ, խոսում էր Մարոյի հետ։ Բազմությունն այնքան սեղմված էր մինը մյուսի վրա, որ Սոնայի արարմունքը մնաց աննկատելի։ Նա իր հոնքի շարժմունքով նշան տվեց և շարունակեց խոսել Մարոյի հետ։ Ես հասկացա, նա ինձ զգուշացրուց, որքան կարելի է ինձ հեռու պահեմ նրանից, որովհետև նրա մոտ կանգնած էր իր մորաքույրը։ Ի՞նչ էր նշանակում այդ։ Բայց ես չկարողացա առանց հիացմունքի տեսնել նրա տխուր և գունաթափ դեմքը, որ իր դալկության մեջ ավելի գեղեցիկ էր։
— Ասում են, սարիցը մի ճգնավոր են բռնել,— խոսում էր Սոնան։